Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հրաժարվել է նկարահանել Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ ֆիլմը

11:59 • 30.10.13

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հրաժարվել է զբաղվել «Արքայազն» ֆիլմի նկարահանմամբ, որում գլխավոր դերը պետք է կատարի հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը, հայտնում է Lenta.ru-ն։

 

Անդրեասյանի խոսքով՝ դա եղել է «ամենակարևոր ընտրություններից մեկն» իր ռեժիսորական կարիերայի ընթացքում։ «Ես ինձ խոսք եմ տվել, որ Ամերիկայում կնկարահանեմ միայն շատ լավ կինո, քանի որ այստեղ ամեն ինչ սկսվում է զրոյից, և մեկ նման ֆիլմ ես արդեն նկարահանել եմ (American Heist)»,- գրել է Անդրեասյանը Facebook սոցկայքի իր էջում։

 

Ռեժիսորն իր որոշումը մեկնաբանում է հետևյալ կերպ. ստուդիայի առաջարկած ժամանակահատվածում որակյալ ֆիլմ նկարահանելն անհնար է։ Բացի այդ, ֆիլմի սցենարը եղել է «ոչ վատը, սակայն ոչ այնքան լավը»։

Միևնույն ժամանակ Անդրեասյանը խոստովանել է, որ կցանկանար աշխատել Ուիլիսի հետ. ռեժիսորը դերասանին անվանում է «մեծություն» և «մանկության կուռք»։