Halloween`զվարճանք, թե՞ սատանայապաշտություն. կարծիքներ
Լուսանկարը՝ youth.am-ի
Հելոուինը հեթանոսական արմատներ ունի. այն գալիս է հնագույն ժողովրդի` կելտերի ժամանակաշրջանից: Այս ժողովրդի վերացումից հետո էլ տոնը շարունակեց գոյատևել: Տոնն ունի իր նախապատմությունը. 835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին որոշում կայացրեց «Բոլոր սրբերի տոնի» հիշատակումը կատարել նոյեմբերի 1-ին: Այդ պատճառով հոկտեմբերի 31 լույս նոյեմբերի 1-ի գիշերը սկսեց կոչվել «All Hallow’s Eve» (բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը ձևափոխվեց՝ դառնալով Halloween:
Ըստ ավանդության` այդ օրը երկիր են իջնում հոգիներ, իսկ դրանց հեռացնելու նպատակով կելտերը պետք է հագնեին սարսափ առաջացնող հագուստներ, շպարվեին համապատասխանաբար: Այսօր շատ երկրներում Հելոուինը նշվում է մեծ շուքով. մարդիկ սարսափազդու կամ ծիծաղաշարժ հանդերձանք են կրում, պատրաստում կերակրատեսակներ օրվա խորհրդանիշ դդմից, կատարում մոմավառություն:
Թեև Հայ առաքելական եկեղեցին չի խրախուսում Հելոուինը նշելը, սակայն այն վերջին տարիներին տարածում է գտել նաև Հայաստանում, և երիտասարդները շարունակում են ակտիվորեն մասնակցել տոնակատարությանը:
Այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կազմակերպվել էր ֆլեշմոբ: Մի քանի ուսանողներ Հելոուինին բնորոշ կերպով ներկել են դեմքերն ու պարել: Այս կապակցությամբ Tert.am-ը զրուցեց երիտասարդների հետ:
Հելոուինի սիրահար Անահիտ Գյոլեցյանի համար այս տոնն ուղղակի լիցքաթափվելու առիթ է. «Որքան էլ որ տոնը մերը չէ ու մեզ հետ կապ չունի, մնում է հետաքրքիր: Գիտեմ տոնի արմատների ու գաղափարախոսության մասին, բայց սա այն միակ տոներից է, երբ լիաթոք զվարճանում ենք, մի օր մոռանում, թե ով ենք, կտրվում իրականությունից: Ինձ համար սա բարի օր է, քանի որ մոռանում ենք բոլոր վեճերն ու խնդիրները: Կարծում եմ, որ այն երկրներում, որտեղ այս տոնն ազգային է, ևս չեն հետևում գաղափարախոսությանը: Ես մի քանի տարի է, ինչ մասնակցում եմ Հելոուինին: Տոնին հագուստներ ընտրելիս փորձում եմ ավելի զուսպ գտնվել, քանի որ մեր հասարակությունը դեռ չի ընդունում: Աշխատում եմ գոնե շպարով լրացնել սարսափ արտահայտող կերպարը: Ամեն տարի Հելոուինը տոնող երիտասարդների թիվն ավելանում է»:
Հայ առաքելական եկեղեցու՝ Հելոուինի հետ կապված դիրքորոշումն առավել մանրամասն ճշտելու համար խոսեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Հակոբի հետ:
«Որպես քրիստոնյա ժողովուրդ` պետք է քննարկման առարկա դարձնենք նման տոների ներքին հոգևոր բովանդակությանը: Հելոուինը կռապաշտական զգացողությունների արտահայտությունն է: Հեթանոսական շրջանում նման տոներն ընդունելի էին և արդարացված, ընդունելի են անգամ այժմյան այն երկրներում, որտեղ դեռ կան հեթանոս զգացումներ: Բայց մենք քրիտստոնյա ենք, իսկ մեր հեթանոսական արտահայտումը կլինի ինքնախաբեություն և այլոց խաբեություն: Պետք է հստակ հասկանալ`մենք մեր ազգային ժառանգության կրողն ենք, կամ` կրողը չենք: Անշուշտ այսօր տոնը հեռացել է իր իրական արմատներից` դառնալով խրախճանքների, խնջույքների առիթ ու բիզնես անելու միջոց: Եկեղեցին հորդորում ու խնդրում է այն անձանց, ովքեր որոշում են կայացրել լինել քրիստոնյա, ուղղակի լինեն քրիստոնեական ճիշտ վարքագծի մեջ: Ցանացած ծառայություն ունի իր շարժառիթները, և պետք է հասկանալ ու կուրորեն չհետևել դրանց:Առաջարկված ամեն սովորույթ ընդունելը հետագայում կարող է դառնալ բնավորություն, ապա դառնալ ազգային նկարագիր»,-Tert.am-ին ասաց քահանան:
Իսկ այն մասին, որ որոշ երիտասարդների համար այս տոնը այն միակներից է, երբ մարդ անջատվում է իր էությունից, և այդ օրը մոռացվում է թշնամությունն ու վեճը, քահանան պատասխանեց. «Մարմինը հանդիսանում է հոգու բնակարանը, և այն պետք է խնամել: Ցանկացած դաջվածք, նշան, հետք է թողնում մեր էության վրա: Հելոուինի դեպքում էլ ցանկացած սատանայական համազգեստ, երկյուղ արտահայտող ներկված դեմք ևս ներգործություն է ունենում հոգևորի վրա ու առաջացնում նկարագիր: Չէ՞ որ աչքի սովորելուց հետո երևույթը դառնում է նորմալ ու առօրեական: Պետք չէ մոռանալ, որ քրիստոնյան պետք է ամեն օր անտեսի չարը: Մեզ պետք չեն ոչ քրիստոնեական, ոչ ազգային տոներ, որպեսզի հիշենք, որ մեր կյանքը վեճերը ճիշտ գնահատելու, դրանցից հեռու մնալու գործընթաց պետք է լինի: Ուրեմն որևէ բան մոռանալու, մեր մեջ դրական շարժ անելու համար մենք չպետք սատանայի կերպարանք առնենք կամ մեզ ներկենք ու վախեցնենք մեկս մյուսին»:
Տոնի նշելուն դեմ են նաև մի քանի երիտասարդներ: Ապագա լրագրող Մարիամ Այդինյանը հայտնեց իր դիրքորոշումը. «Ցավալի է, որ մենք, մոռանալով մեր ազգային տոները, ընկել ենք օտարի տոնի ետևից, այն էլ`միայն բացասական լիցքեր հաղորդող. պատճառը կրկին մեզ չճանաչելն ու արմատներից հեռանալն է: Չենք հասկանում, որ տոները ինքնանպատակ չեն, միայն ուրախանալու, գոռգռալու, զվարճանալու համար չեն: Տոնը ունի իմաստ, պատմություն, որը կապված է քո ազգի և դավանանքի հետ: Կարող ես լսել ու գնահատել ուրիշի երաժշտությունը, բայց օտարի տոնը նշելն ու սեփականացնելը ճիշտ չէ: Չար դիմակներ կրելու փոխարեն, եկեք ուսումնասիրենք մեր տոները, որոնք առավել հետաքրքիր են, բարի, դրական: Հելոուին նշելն ուղղակի երիտասարդության հերթական անգիտակից քայլն է»:
Հելոուինը մոգության տոն համարող Ռազմիկ Մարտիրոսյանն էլ հավելեց. «Ինչու՞ պետք է նշենք ուրիշի տոնը, երբևէ տեսե՞լ ենք, որ հայկական տոները նշվեն այլ երկրներում: Առաջին հերթին Հելոուինը աղավաղում է մեր ազգային դիմագիծը, մեր տեսակը, քանի որ անմեղ տոնի ետևում այնուամենայնիվ կա թաքնված գաղափարախոսություն, ու տոնը ունի սատանայապաշտական մոտիվներ»:
Այսօր երեկոյան Երևանի շատ փաբերում կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված Հելոուինի տոնին: Որոշ սրճարաններ էլ զարդարվել են տոնը խորհրդանշող պատկերներով:










