Ճապոնական խոհանոցը կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

14:12 • 31.10.13

Ճապոնական խոհանոցն այս տարվա դեկտեմբերին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում, հայտնում է ճապոնական Mainichi-ն, որը փոխանցում է inosmi.ru-ն։

 

Կառավարությունը քննարկում է արտերկրում ճապոնական խոհանոցի ակտիվ տարածմանը, ինչպես նաև ճապոնական արտադրության գյուղատնտեսական մթերքների արտահանման ընդլայնմանն ուղղված քայլերը։

 

Խոհանոցը կդառնա ճապոնական ոչ նյութական մշակութային ժառանգության 22-րդ օբյեկտը՝ «Կաբուկի» թատրոնից և «Յուկիցումուգի» մետաքսից հետո։ Ճապոնական խոհանոցն ունի շատ արժանիքներ, որոնցով իրավամբ պետք է հպարտանա ամբողջ աշխարհի առաջ, գրում է աղբյուրը։

 

Նախևառաջ, դա հարգալից վերաբերմունքն է բնության հանդեպ։ Մթերքներն ընտրվում են ըստ սեզոնի, ինչպես նաև հաշվի առնելով կոնկրետ վայրի կլիման և լանդշաֆտային առանձնահատկությունները։ Բոլոր մթերքներն օգտագործվում են ամբողջությամբ։ Եվ երկրորդ՝ ուտեստները պետք է ուրախացնեն, աչք շոյեն։ Շատ զանազան են նաև պատրաստման եղանակները։