Թուրքիայում հայ լուսանկարիչների արխիվային լուսանկարների ցուցահանդես է բացվել
Թուրքիայում՝ Ամասիայի շրջանի Մերզիֆոն բնակավայրում, բացվել է այստեղ բնակված հայ Դիլդիլյան եղբայրների 1872-1923 թթ.-ին արված լուսանկարների ընտանեկան արխիվի ցուցահանդեսը, տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը։
Ընտանիքի թոռներից արդեն երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ցոլակ Մարսուբյանի կողմից հավաքված լուսանկարներն ավելի վաղ ցուցադրվել էին Ստամբուլում։ Այս անգամ ցուցահանդեսը բացվել է Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների ծննդավայր Մերզիֆոնում։
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է շուրջ 600 լուսանկար, որոնք արվել են 1872-1923թթ.-ին՝ Սըվասում, Ամասիայում, Քոնյայում, Մերզիֆոնում։ Բացման արարողությանը մասնակցել է նաև Մերզիֆոնի քաղաքապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Իսքենդեր Դողրուն։
«Ընտանիքիս պատկանած լուսանկարները բերել եմ նրանց հայրենիք, և շատ երջանիկ եմ դրանք այս հողերին ծանոթացնելուս համար»,-ասել է Արմեն Ցոլակ Մարսուբյանը։










