Մնում է մեզ Փակ շուկային միացնեն. բուհի ռեկտորը հերքում է Կոնսերվատորիան այս անգամ էլ Թատերականին միացնելը

11:46 • 31.10.13

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսական կազմի ու ուսանողների շրջանում նորից ակտիվացել են շշուկները, որ բուհը վերակազմավորվելու է և միացվելու է, այս անգամ էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, ինչը, սակայն, բուհի ռեկտոր Շահեն Շահինյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց` ասելով. «Մնում էր Կոնսերվատորիան միացնեն Փակ շուկային ու վերջ: Թատերականի անունը դեռ չկար, այդ էլ ավելացավ»:


Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ էլ ակտիվ շրջանառվում էր, որ Կոնսերվատորիան միացվելու է Մանկավարժականին, իսկ վարչական շենքը վերածվելու է հյուրանոցի: Եվ ոմանք վրդովված նշում էին, որ խորհրդային տարիներին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայից հետո լավագույնը համարվող Երևանի կոնսերվատորիան վերածվելու է չգիտես ինչի:


Tert.am-ի հետ զրույցում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ևս հերքեց սույն տեղեկատվությունը՝ ասելով. «Նման առաջարկ չի եղել և չի կարող լինել: Չկա նման խոսակցություն»:


Շահեն Շահինյանը հայտարարեց նաև ապագայի համար. «Երևանի պետական կոնսերվատորիան չի՛ միանալու ոչ մի բուհի հետ, շենքը մնալու է հավերժ՝ դասախոսական կազմն էլ հետը միասին: Այսինքն՝ ինչ եղել է 90 տարի, կշարունակվի ևս 90 տարի, հետո էլ չգիտեմ ինչ կլինի»:


Ավելին՝ բուհի ռեկտորի տեղեկացմամբ արդեն իսկ ուրվագծվում են հնարավորություններ, որ Կոնսերվատորիան ունենա սեփական մեծ համերգադահլիճ:


Նաև բուհը շենքի վերանորոգման խնդիր ունի. նոր պատուհանների տեղադրում, 25 սանհանգույցների ու տանիքի հիմնանորոգում:


Շահեն Շահինյանի խոսքով՝ այս տարի սկսվել է «եվրոպական հավատարմագրման գնալու գործընթացը»:
«Եվրոպացի փորձագետների հետ միասին ոնց որ անցանք առաջին փուլը և գնում ենք հավատարմագրման,և եթե անցնենք վերջնական, ապա ամբողջ Եվրոպայի բուհական համակարգը կճանաչի մեր տված կրթությունն ու որակավորումը»,- ասաց բուհի ռեկտորը:


Նշենք, որ այսպես թե այնպես, Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտները եվրոպական շատ երկրներում հեշտորեն գտնում էին աշխատանք, այսինքն՝ դե ֆակտո ճանաչվում էին այդ դիպլոմները:


«Կատարողներինը այո, բայց դասավանդելու համար շատ կարևոր է, որ հասկանան ճանաչեն, թե էդ ինչ է»,- ասաց Շահեն Շահինյանը:


Հիշեցնենք, որ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան այն բուհերի թվում էր, որն էականորեն բարձրացրեց ուսման վարձավճարների չափը՝ հասցնելով այն մինչև 800 հազարի:


Ի պատասխան հարցի, թե քանի՞ առաջին կուրսի ուսանող է ուսման բարձր վարձի պատճառով հրաժարվել ուսումից, ռեկտորը նշեց. «Ի սկզբանե, ընդունելություններից առաջ ուսանողները իրենց հայտերում նշել էին, թե որ համակարգում են ցանկանում սովորել՝ անվճա՞ր, թե՞ վճարովի, և, կարծեմ թե, մեկ կամ երկու ուսանող հայտը տվել էին միայն պետպատվերի շրջանակներում, մեկը կարծեմ՝ չընդունվեց պետպատվերով և էլ չեկավ»:


Ռեկտորի խոսքով՝ իրենց վարձավճարների հարցը «խորքային թեմա է»: Ըստ նրա բացատրության` մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը, բուհում վճարովի համակարգում սովորող ուսանողի վարձը, երբ այն կազմել է 600 հազար դրամ, ուղիղ 50 տոկոսով պակաս է եղել բուհում սովորելու արժեքից:


«Ի՞նչու 50 տոկոս, որովհետև նույն կրթությունը ստացող պետպատվերում սովորող ուսանողը պետության կողմից վճարվում է 1 միլիոն 80 000 դրամի չափով: Կոնսերվատորիայի ուսումը ամենաթանկ ուսում ապահովող կրթական համակարգն է: Մինչև այսօր եղել է 600 հազար: Ես արդեն երկու տարի է աշխատում եմ, սկզբնական շրջանում ուսման վարձերի մասին խոսակցություն չեղավ»,– ասաց նա՝ ավելացնելով, թե պատճառտն այն է, որ այն ժամանակ վտանգ կար, որ հանկարծ ինչ-որ մի տաղանդավոր երեխա, ուսման վարձը չվճարելու համար հանկարծ դուրս չմնա և հնարավորություն չունենա ուսում ստանալու:


«Երբ որ մեզ հաջողվեց իսկապես կառավարության հետ համարյա թե 100 տոկոսով ավելացնել պետպատվերի տեղերը, մեզ մոտ ամեն տարի 42-44 տեղ էր լինում, այս տարի դարձել է 85- 87 տեղ: Եվ այս պարագայում մենք կարող ենք մեզ թույլ տալ վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարը մոտեցնել իրականին և ասեմ, որ 800 հազարը էլի 30-35 տոկոսով պակաս է, այն իրական արժեքից, որը սահմանված է պետության կողմից ու տրվում է պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողների համար: Բայց բարոյական կողմը գոնե կա, քանի որ այս պարագայում, որ ոչ միայն տաղանդավոր, այլև միջին հնարավորությունների ուսանողները հնարավորություն ունեն սովորել պետպատվերի շրջանակներում»,- բացատրեց նա:


Ուսումնական տարվա մեկնարկին շատ էր խոսվում բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմի հնարավոր կրճատումների մասին: Շահեն Շահինյանը նշեց, որ այս ընթացքում եղել են մինչև մեկ տասնյակի չհասնող կրճատումներ, սակայն դրանք եղել են դասախոսների ժամերի կրճատման հետևանքով:


«Մեզ մոտ 90 տոկոսը անհատական աշխատանքներ են, եթե մի ուսանող հանկարծ դուրս է գալիս, մեկնում է կամ չգիտեմ ինչ, հենց այդ վայրկյանից արդեն հինգ դասախոսի մոտ ժամերը կրճատվում են: Այսինքն՝ այլ բուհերում լեկցիոն խմբեր են՝ կլինի 50 հոգի, թե 80, ոչ մի նշանակություն չունի դասախոսի համար, մեզ մոտ անհատական է, ինչի հետևանքով ժամերը միանգամից պակասում են»,- պարզաբանեց Շահեն Շահինյանը:

 

Մնում է մեզ Փակ շուկային միացնեն. բուհի ռեկտորը հերքում է Կոնսերվատորիան այս անգամ էլ Թատերականին միացնելը