Բենքսիի նկարը վաճառվել է 615.000 դոլարով

11:37 • 01.11.13

Փողոցային նկարիչ Բենքսիի «The banality of the banality of evil» նկարն օնլայն աճուրդում վաճառվել է 615 հազար դոլարով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Bidding For Good կայքին, որն անցկացնում է աճուրդը: Գնորդի անունը հայտնի չէ:

 

Աշխատանքի մեկնարկային գինը եղել է 74 հազար դոլար:

 

Ստացված գումարը փոխանցվելու է Նյու Յորքից Housing Works ընկերությանը, որն օգնում է անօթևաններին և ՄԻԱՎ-ով հիվանդներին: Հենց այս ընկերությունից է Բենքսին գնել իր նկարի «հիմքը»՝ բնապատկերը: Փողոցային նկարիչը բնապատկերին ավելացրել է նացիստին, որը նստած է նստարանին, դրել իր ստորագրությունը և վերադարձրել այն Housing Works-ին:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Բենքսիի նվերն իրենց համար անակնկալ է եղել: