Չնայած թուրքական լոբբիի ջանքերին՝ Ժնևում Ցեղասպանության հուշարձան կկառուցվի

10:17 • 01.11.13

Շվեյցարական Ժնևի քաղաքապետարանը վճռական է Ցեղասպանությանը նվիրված հուշարձան կառուցելու հարցում, գրում է թուրքական Time turk-ը։

 

«Հիշատակի լապտերներ» անվանումը կրող հուշարձանի կառուցման որոշումը կայացվել է 2011թ.-ին։ Դրա հեղինակը Մելիք Օհանյանն է։

 

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը տեղական մամուլին տված հարցազրույցում նշել է, որ հուշարձանը չպետք է դիտարկվի որպես «մի երկրի դատապարտում»։


Ազնավուրի խոսքով՝ Ժնևում կառուցվելիք հուշարձանը խորհրդանշելու է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդներին։


Ժնևի քաղաքապետարանից հուշարձանի նախագիծը վերահսկող Սամի Քանաանը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, թե հուշարձանի վրա «Ցեղասպանություն» բառը չի նշվելու։ Սակայն այդ հայտարարություններից հետո էլ դժվար չէ գուշակել, որ դա անհանգստացնելու է Թուրքիային, գրում է աղբյուրը։

Շվեյցարիայի Համադաշնության և Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների ծավալման այս օրերին ժնևյան հուշարձանի նախագծից Թուրքիան շարունակում է դժգոհել։

 

Շվեյցարիայի արտգործնախարարության խոսնակը թուրքական «Ջիհան» գործակալությանն ասել է, որ իրենք ի զորու չեն դադարեցնել ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցումը։

«Գիտենք, թե այդ հարցը որքան ցավոտ է Թուրքիայի համար։ Մենք երկու կողմերի հետ կապի մեջ մնալով՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների լավացման ուղղությամբ ենք աշխատում»,-ասել է խոսնակը։