Աշունը՝ «սաթե քաղաքում». գեղեցիկ ֆոտոշարքը ներկայացնում է աշնանային Սանկտ Պետերբուրգը
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է Ռուսաստանի կայսերական մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի աշնանային գեղեցիկ տեսարանները, որոնցում քաղաքը կարծես «լողում է» կարմիր, ոսկեգույն ու նարնջագույն երանգների մեջ։

Լուսանկարների հեղինակն է նորզելանդացի Ամոս Չեփլը, ով ՌԴ «հյուսիսային» մայրաքաղաքն անմահացրել է երկնքից՝ թռչելով փոքրիկ ուղղաթիռով։

Լուսանկարչի օբյեկտիվում են հայտնվել «սաթե քաղաքի» ամենահայտնի վայրերն ու շինությունները, որոնց շարքում են նաև Էրմիտաժը, Ցարսկոյե Սելոն ու Միխայլովյան ամրոցը։

Սանկտ Պետերբուրգը հիմնել է Պետրոս Մեծը՝ 1703թ.։ Այն եղել է Ռուսաստանի կայսերական մայրաքաղաքը մինչև 1924թ։

Կոմունիստական կառավարության ձևավորումից հետո մայրաքաղաքը տեղափոխվել է Մոսկվա։ Խորհրդային իշխանությունների տարիներին Սանկտ Պետերբուրգն անվանափոխվել է Լենինգրադ, սակայն 1991թ. այն կրկին վերանվանվել է Սանկտ Պետերբուրգ։

Ընդհանուր առմամբ, քաղաքում կա 8 հազար ճարտարապետական հուշարձան, որոնք տեսնելու է գալիս տարեկան 5 մլն զբոսաշրջիկ։ Պետերբուրգի պատմական կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Սակայն քաղաքի ամենաուշագրավ տեսարժան վայրերից մեկն է լեգենդար սաթե սենյակը, որն ամբողջությամբ զարդարված է սաթով, ոսկով ու թանկարժեք քարերով։ Սենյակը կառուցվել է 1716թ. և Պրուսիայի արքայի կողմից որպես նվեր մատուցվել Պետրոս Մեծին։ Մասնագետները դրա արժեքը գնահատում են մոտավորապես 230 մլն դոլար։











