Լա Սկալայի երաժիշտները հավանություն են տվել Բարենբոյմին փոխարինողի թեկնածությանը

14:43 • 04.11.13

Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի նվագախումբը հավանություն է տվել երաժշտական ղեկավարի պաշտոնում դիրիժոր Ռիկարդո Շայիի թեկնածությանը. պաշտոնը վաղաժամ որոշել է լքել Դանիել Բարենբոյմը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Շայիի թեկնածությունը երաժիշտների հետ քննարկվել է հոկտեմբերի 31-ին: Լա Սկալայի ապագա գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պերեյրայի հետ հանդիպմանը Շայիին աջակցել է երաժիշտների մեծ մասը: Թերթի տեղեկություններով՝ Պերեյրան համոզել է, որ Շային լավագույն ընտրությունն է նաև նրանց համար, ովքեր նախընտրել էին իրենց ձայնը չտալ դիրիժորի օգտին առաջին փուլում: Ապագայում նրանք խոստացել են իրենց ձայնը տալ նրա օգտին:

 

Դանիել Բարենբոյմի պայմանագիրը Լա Սկալայի հետ ավարտվում է 2016 թվականին, սակայն նա որոշել է լքել օպերային թատրոնը 2014 թվականին՝ պատճառաբանելով իր խիստ զբաղվածությունը: Մասնավորապես՝ նա պատրաստվում է Իսրայելից և Պաղեստինից երաժիշտների ակադեմիա ստեղծել:


Ներկայում Ռիկարդո Շային Լայպցիգի Գևանդհաուս թատրոնի ղեկավարն է: