«Սպիտակ վագր» ֆիլմով Մակեդոնիայում մեկնարկել է Կարեն Շահնազարովի ֆիլմերի շաբաթը
«Սպիտակ վագր» ֆիլմով Մակեդոնիայի մայրաքաղաքում բացվել է ռեժիսոր Կարեն Շահնազարովի կինոյի շաբաթը։
Երկրի 17 քաղաքներում կցուցադրվեն նաև «Սերը ԽՍՀՄ-ում», «Հիվանդասենյակ համար 6», «Զրո քաղաքը», «Թույներ կամ թունավորումների համաշխարհային պատմություն» և «Մենք ջազից ենք» ֆիլմերը, գրում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Բացման արարողության ընթացքում Շահնազարովը նշել է, որ «ցավոք, այսօր քիչ են կինեմատոգրաֆիկ կապերը, որոնք միավորում են Ռուսաստանին և Մակեդոնիային»։
«Այդ պատճառով հատկապես հաճելի է, որ իմ ֆիլմերը կներկայացվեն այստեղ»,- ասել է ռեժիսորը։ Նրա խոսքով՝ Մակեդոնիա այցելելու և իր ֆիլմերը ներկայացնելու հնարավորությունն ուրախությամբ է ընդունել։
Շահնազարովի ֆիլմերի շաբաթը Մակեդոնիայում կազմակերպվել է Բուլղարիայում Ռուսական մշակութատեղեկատվական կենտրոնի և Սկոպյեում ՌԴ դեսպանատան մասնակցությամբ։










