Հայաստանում են դաշնակահարներ Սոֆյա և Հայկ Մելիքյանները

14:35 • 05.11.13

Հայաստան են ժամանել դաշնակահարներ Սոֆյա և Հայկ Մելիքյանները, որոնց համատեղ համերգը տեղի կունենա 2013 թ. նոյեմբերի 6-ին` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում՝ ժամը 20:00-ին:

«Սոֆյա և Հայկ Մելիքյանների դաշնամուրային դուետով հանդես գալու գաղափարը ծագել է դեռևս 2012 թ.-ի դեկտեմբերին: Այս համերգը երկու երաժիշտների առաջին համագործակցությունն է լինելու: Նրանք հանդես են գալու դաշնամուրային դուետի «չորս ձեռք» ձևաչափով»,- ասել է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:


Ծրագրում հնչելու են ստեղծագործություններ դասական երաժշտության նվագացանկից` Յ.Ս. Բախի «Չորս խորալային պրելյուդները», Կ.Դեբյուսիի չորս պրելյուդները և «Փոքր սյուիտը», Ս.Ռախմանինովի հանրաճանաչ «Վեց պիեսները»: Համերգին Հայաստանում առաջին անգամ կհնչի Հայկ Մելիքյանի «Բագինին արձագանքներ» ստեղծագործությունը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: