Բուռն արձագանք գտած հոդվածը չի ներկայացնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը ռոք երաժշտության վերաբերյալ. պարզաբանում
Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության բաժինն անդրադարձել է օրերս թեմի qahana.am կայքում հրապարակված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերնագրով հոդվածին, որը համացանցում կարծիքների բախման առիթ էր դարձել:
Հոդվածում, մասնավորապես, ներկայացված են դիտարկումներ ռոք և այլ ժամանակակից երաժշտական ուղղությունների մասին, թե կործանարար և կորստաբեր են քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձևերն ու երևույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից:
Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատուներն այս կապակցությամբ հայցում են ընթերցողների ներողամտությունը՝ նշելով, որ այդ կարծիքները չեն ներկայացնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին շրջանում մեր կայքի նյութերից մեկը՝ «Հափշտակություն ռոք երաժշտությամբ», տարաբնույթ քննարկումներ առաջացրեց: Առանց հետամուտ լինելու նյութի աղբյուրի և հեղինակների փաստին, դրա մեջ հնչած կարծիքը միանգամից սխալմամբ վերագրվեց Հայ Առաքելական Եկեղեցուն:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այն չի ներկայացնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը: Մայր Եկեղեցին միշտ առանձնացել է իր լայնախոհ կեցվածքով: Եթե Հայ Եկեղեցին դեմ լիներ ռոքին կամ ժամանակակից երաժշտական այլ ուղղություններին, մենք չէինք ունենա «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ռոք - օպերան, որը 2001թ.՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի պաշտոնական տոնակատարությունների մեջ զբաղեցրեց կարևոր տեղ:
Նյութը, որն արժանացավ սուր քննադատությունների, պարզ մի թարգմանություն էր, որ վերցվել էր Ռուս Ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի կայքի գրադարանից: Մեր կայքում պարբերաբար ներկայացվում են միջեկեղեցական նորությունները: Այդ նյութի հեղինակը Ռուս Ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի հոգևորական, վարդապետ Ղազարն է (архимандрит Лазарь): Նյութն անգամ չի արտահայտում Ռուս եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը:
Չէր ներկայացվել նյութի սկզբնաղբյուրը, ինչն իրավացիորեն առաջացրեց մեր ընթերցողների ընդվզումը: Ցավում ենք, որ մեր խմբագրության թերացման պատճառով սխալ տեսակետը վերագրվեց Հայ Եկեղեցուն ու հայ հոգևորականներին:
Մեր խմբագրությունը հայցում է ձեր ներողամտությունը»:










