Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում նշում են Վիվյեն Լիի ծննդյան 100-ամյակը

14:23 • 05.11.13

Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում կինոյի և թատրոնի սիրահարները նշում են բրիտանացի դերասանուհի Վիվյեն Լիի ծննդյան 100-ամյակը, ով հայտնի էր դարձել «Քամուց քշվածները» ֆիլմում Սքարլեթ Օ՛Հարայի դերակատարմամբ, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Դերասանուհին 1940թ. «Օսկար» մրցանակի է արժանացել այդ դերի համար, 2-րդ «Օսկար»-ը նա ստացել է 1952-ին՝ «Տրամվայ «Ցանկություն»» ֆիլմում կատարած դերի համար։ Երկու ֆիլմերում էլ դերասանուհին շլացնող գեղեցկուհիների դեր է կատարել։

 

Վիվյեն Լիի ծննդյան 100-ամյակի առիթով ամերիկացի կինեմատոգրաֆիստները պատրաստել են «Քամուց քշվածները» ֆիլմի նոր՝ բարձր որակի ձևաչափով տարբերակը։ Այն էկրաններին կլինի նոյեմբերի 22-ին։

 

Լոնդոնի Վիկտորյայի և Ալբերտի թանգարանում այս շաբաթ բացվում է Վիվյեն Լիի փաստաթղթերի արխիվը, որը թանգարանը ձեռք է բերել այս տարի։