Apple-ն արևային մարտկոցներով գործող գործարան կկառուցի

11:29 • 06.11.13

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է Արիզոնա նահանգում արևային մարտկոցներով գործող գործարան կառուցել, որը զբաղվելու է iPhone-ի ու պլանշետային համակարգիչների արտադրության ոլորտում լայնորեն կիրառվող շափյուղայե ապակու արտադրությամբ, հայտնում է Вести-ն։

 

Գործարանն աշխատելու է բացառապես էներգիայի «կանաչ» աղբյուրների հիման վրա։ Այս նախագծի արժեքը գերազանցել է կես միլիարդ դոլարը, իսկ շինարարական աշխատանքներով զբաղվելու է GT Advanced Technologies ընկերությունը։

 

Apple-ի «կանաչ» գործարանը տնտեսական օգուտ կբերի Արիզոնային, քանի որ դրա գործարկման արդյունքում կբացվի մոտ 2 հազար նոր աշխատատեղ։

 

Вести-ն նկատում է, որ վերջին շրջանում որոշ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ արտադրությունը Չինաստանից տեղափոխում են ԱՄՆ-ի տարածք։ Դա պայմանավորված է նրանով, որ Չինաստանում աշխատուժի գինն անընդհատ աճում է, բացի այդ առկա է նաև հեղինակության հարցը։ Սպառողներն ավելի շատ վստահում են ոչ թե ասիական երկրների, այլ ԱՄՆ-ի տարածքում ստեղծված արտադրանքին։
 

Apple-ն արևային մարտկոցներով գործող գործարան կկառուցի