Apple-ն առաջին անգամ հրապարակել է օգտատերերի տեղեկությունների մասին մի շարք երկրների կառավարությունների հարցումների տվյալները
Ամերիկյան Apple ընկերությունը երեքշաբթի օրը ներկայացրել է օգտատերերի տեղեկությունների մասին ԱՄՆ-ի և այլ երկրների կառավարությունների հարցումների տվյալները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք հրապարակել ենք ողջ տեղեկատվությունը, որով կարող էինք կիսվել օրինական հիմքերով»,- նշված է կորպորացիայի հայտարարության մեջ: Apple-ի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ընկերությունը շարունակելու է փորձել հասնել նրան, որպեսզի ողջ վիճակագրությունը, այդ թվում հատուկ ծառայությունների հարցումների զեկույցները հրապարակելու իրավունք ստանա:
Զեկույցում ասվում է, որ Apple-ը հարցումներ է ստացել 31 երկրների կառավարություններից: 2013 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ԱՄՆ հատուկ ծառայությունները 3.500 հարցում են արել: Ակտիվ են եղել նաև Գերմանիայի և Սինգապուրի իրավապահ մարմինները, որոնք ընկերությանը 2.100 և 1.400 հարցում են ուղարկել սարքավորումների վերաբերյալ:
Այդպիսով՝ կորպորացիան միացել է այդ վիճակագրությունը հրապարակող ընկերությունների խմբին, որի մեջ է մտնում Facebook-ը, Google-ը, Microsoft-ը, Twitter-ը և Yahoo-ն:










