Apple-ն ավելացնում է մատակարարների թիվը սմարթֆոնների և պլանշետների արտադրության համար
Apple ընկերությունն ավելացնում է մատակարարների թիվը Ասիայում՝ սմարթֆոնների և պլանշետների արտադրության ծավալները մեծացնելու համար:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով, այս կերպ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը փորձում է բավարարել սպառողական պահանջարկը:
Հաղորդվում է, որ մինչ 2013-ի ավարտը Apple-ի գործընկերներից մեկը կդառնա Թայվանում գործող Wistron Corp ընկերությունը, որը ներկա պահին զբաղվում է սմարթֆոնների արտադրմամբ BlackBerry և Nokia ընկերությունների համար: Առկա տվյալների համաձայն՝ ընկերությունը կզբաղվի iPhone 5c-ի արտադրությամբ:
Բացի այդ՝ 2014-ից Apple-ը մտադիր է համագործակցել Compal Communications-ի հետ, որը պատասխանատվություն է ստանձնելու iPad Mini պլանշետների արտադրման համար:










