Նյու Յորքի ոստիկանությունն առգրավել է Բենքսիի փուչիկները՝ դրանք արվեստ չհամարելով
Նյու Յորքի (ԱՄՆ) ոստիկանությունն առգրավել է փուչիկները, որոնցով փողոցային արվեստի բրիտանացի ներկայացուցիչ Բենքսին գրել է իր անունը, գրում է nytimes.com-ը։
Մեկ ամիս Նյու Յորքում ստեղծագործելուց հետո փուչիկներով արված գրությունը եղել է քաղաքին հրաժեշտի նվերը, որի արժեքը, ըստ մասնագետի, գնահատվում է 200.000-300.000 դոլար:
Ներկայում արվեստագետի աշխատանքը գտնվում է ոստիկանական բաժնում՝ որպես իրեղեն ապացույց: Իրավապահները հայտնել են, որ իրենց փաստաթղթերում այն գրանցվել է որպես «փուչիկներ», այլ ոչ որպես արվեստի գործ: Այդկերպ, հնարավոր է, որ դրանց պահպանման ժամկետի ավարտից հետո աշխատանքը կոչնչացվի: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դրա նկարագրությունը փոխել հնարավոր չէ:
Փուչիկներից կազմված Բենքսիի անունն առաջին անգամ Նյու Յորքում նկատվել է հոկտեմբերի 31-ին:
24-ից 31 տարեկան 3 անձ, որոնք ենթադրաբար փորձել են գողանալ փուչիկները, բերման են ենթարկվել: Ձերբակալվելու ժամանակ նրանցից մեկը հայտնել է, որ իրենք ցանկացել են գրությունը թանգարանում տեղադրել:










