Փառատոներն այսօր որքան շատ են, բայց հոգևոր սով ենք ապրում. Դանիել Երաժիշտ
«Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը, թեև գիտակցում է, որ մեր երկրում ինչ-որ բան այն չէ, բայց այդ մասին հանդիպել և խոսել պաշտոնական այրերի հետ չի ուզում։ «Լավ է խուսափել թագավորներից, թե չէ իրենց ներկայությամբ պետք է ասես «այո», որովհետև քո անհատականությունը նրանց մոտ չես կարող պահպանել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Դանիել Երաժիշտը հետաքրքիր պարադոքս է նկատել. «Երբևէ մեզանում այսքան ճոխ ու առատ չէր հնչել դասականն ու հոգևորը, ու տպավորություն է ստեղծվում, որ ինչքան շատ է հնչում, այնքան այդ երաժշտությունն արժեզրկվում է։ Տեսեք փառատոները ինչքան շատ են՝ «Դասական երաժշտական», էլ «21-րդ դարի հեռանկարներ», «Վերադարձի փառատոն»։ Բայց միևնույնն է ինչ-որ մի բան այն չէ, որ ունենալով այդքան առատ բերք, մենք քաղցած ենք մնում, հոգևոր սով ենք ապրում։ Պետք է նաև այդ սերմերը ցանելու պարարտ հող լինի։ Ոնց որ Բեթհովենն ասում էր երաժշտության հասցեն որն է՝ սրտից սիրտ, հիմա սրտից սիրտ գալիս է, բայց սրտից կոտրած սիրտ է գալիս, դրա համար էլ տեղ չի հասնում։ Դա չի դառնում մեր ժողովրդի ապրելակերպը, երաժշտությունը, եթե պետք է նայես որպես թանգարանային նմուշ, սխալ է, երաժշտությունը պետք է հետդ տանես։ Բայց մենք նայում ենք որպես դիտորդ ու չենք փոխում»,- ասաց նա։
Դանիել Երաժիշտը եզրակացնում է. «Ուրեմն ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ այն չի, երևի պետք է ժողովրդի ապրելակերպը փոխվի, որ նա սիրտ ունենա ընկալի, որովհետև տագնապի մեջ նա չի կարող ունենալ»։
Բանախոսը վախենալու առիթ ունի, ըստ նրա, մեր երկիրը կենաց ծառ է, որը սղոցով կտրում են։ «Սղոցի մի ծայրը դրսից են քաշում, մյուսը ներսից, իսկ ցավալին այն է, որ մեր կողմից հերթ են կանգնել սղոցի ծայրը բռնելու համար»,- նշեց նա։
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը օրինակով է սկսում իր խոսքը։ «Եթե հայրը ասում է չի կարելի ծխել, բայց երեխայի ներկայությամբ անընդհատ ծխում է, արդեն արդյունք չկա, որովհետև սեփական վարքն ավելի մեծ դեր է ունենում, քան հավուր պատշաճի խոսքը։ Եթե մեր իշխանավորները, առաջին այրերը կազմակերպում են հոգևոր, դասական փառատոներ, հայտարարում են, թե այսինչի բարձր հովանու ներքո, բայց իրենք չեն հետևում դրան, արդեն ունենք այն, ինչ ունենք»,- նշեց նա և օրինակ բերեց նախորդ նախագահին, ով պաշտոնական հյուրերին տանում էր ջազ լսելու, և ոչ ազգային ինքնության երգերը՝ շարականներ և այլն։
«Պետական պաշտոնյաներից մեկի ասածն եմ ասում, թե ազգային անաղարտ մշակույթը մրցունակ չէ։ Որևէ մշակույթ մրցունակության համար չէ, դա դաստիարակություն է, կատարելագործման ձև է, հայ տեսակ, երկրի քաղաքացի դաստիարակելու ձև է»,- նշեց նա և եզրակացրեց, որ պետք է երկրում արժեհամակարգը փոխել, ինչպես հարիր է երկրում և ոչ թե եղածի պես ցուցադրական ելույթներ։
Գագիկ Գինոսյանը մեջբերեց մեծերից մեկի խոսքը. «Ինձ համար ավելի կարևոր է ով է մանկապարտեզի վարիչը, քան օպերայի տնօրենը։ Մեկ-երկու ծաղկով կամ հանճարեղների վերադարձով, ովքեր եկան, նվագեցին ու գնացին, ոչինչ չի փոխվելու»։










