Նկարիչների միությունն ավելի շատ ոգևորության վրա է հիմնված, ոչ թե գումարայինի. Կարեն Աղամյան

11:55 • 06.11.13

Նկարիչների միությունն աշխատում է բավականին լարված, որն ավելի շատ ոգևորության վրա է հիմնված, քան գումարայինի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միության նախագահ Կարեն Աղամյանը։


«Նկարիչների միությունում կյանքը, ինչպես մեկ-երկու տարի առաջ, այնպես էլ հիմա բավական լարված է, որովհետև ցուցահանդեսային շարք շատ հաճախ ենք անում, գրեթե 10 օրը մեկ մի ցուցահանդես կազմակերպվում է՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ու հանրապետական»,- նշեց նա։


Կարեն Աղամյանը նշեց, որ Նկարիչների միությունը նախապատրաստվում է իր 18-րդ համագումարին, որն, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մեկ ամսից և համագումարին էլ կորոշվի անցկացնե՞լ նախագահի ընտրություն, թե՞ ոչ։


Հարցին, թե ինչպես մյուս միություններում, Նկարիչների միությունո՞ւմ էլ լարվածություն կա, Կարեն Աղամյանը պատասխանեց. «Լարվածություն երևի կա, չարախոսություններ մեկ-մեկ հանդիպում են։ Կարծում եմ կլինեն տարբեր թեկնածուներ, իսկ ես կառաջադրվեմ, թե ոչ, դա դեռ կորոշվի»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը պաշտոնավարում է 15 տարի և վերընտրվել է երեք անգամ։


Ի դեպ, միության նախագահը նշեց, որ իրենց կազմը մյուս միությունների համեմատ ամենամեծն է, գրեթե 1000 անդամ ունի միությունը, որոնցից 700-ը Հայաստանում են։


Ի դեպ, Կարեն Աղամյանը խոսեց նաև մարզային կառույցների մասին, մասնավորապես խոսելով Գյումրիի վիճակից, որը, ըստ նրա, բավական վատ է։


«Գյումրիի մասնաճյուղում այսօր տխուր իրավիճակ է, քանի որ տանիք չունի։ Ստեղծագործ ուժ բոլոր տեղերն էլ կան, ամենակարևորը տարածքն է՝ ցուցահանդեսներ կազմակերպելու համար, իսկ տարածք չկա»,- նշեց նա։