Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրվել, իսկ վնասվածքները ՀՔԾ-ն ներկայացրել է որպես ինքնավնասում (տեսանյութ)
Ակտիվիստ, «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնություն տալու համար: Այսօր Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը և վրդովմունքով նշեց, որ իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի դեմ բողոքը դիտարկվել է իբրև սուտ մատնություն:
«Այսինքն ստեղծում են մի նախադեպ, որ ՀՀ քաղաքացին երբևիցե չբողոքի իր նկատմամբ ապօրինություն և բռնություն կիրառած ոստիկանի դեմ: Սա այն նախադեպն է, որ դեռ շատ է արձագանքներ ունենալու: Ներկայացնում են, որ ես զրպարտում եմ այդ գառնուկ ոստիկաններին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ում օգոստոսի 24-ին կայացած ակցիայի ժամանակ Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել։ Նա պնդում է, որ բերման ենթարկելիս ոստիկանները ծեծի էին ենթարկել իրեն: Ոստիկաններն իրենց հերթին նշել են, որ Արգիշտի Կիվիրյանն է բռնություն կիրառել իրենց նկատմամբ:
Ինչ վերաբերում է Արգիշտի Կիվիրյանի վնասվածքներին, ապա ՀՔԾ-ն այն ներկայացրել է որպես ինքնավնասում:
«Ներկայացվում է, որ ինձ տարել են Արաբկիրի ոստիկանության բաժին, ես ավտոմեքենայում հարվածել, կծել եմ ոստիկանին, դրանից հետո սկսել եմ խփել ավտոմեքենայի դռանը և ինքս ինձ վնասվածքներ եմ պատճառել: Այսինքն՝ մենք հասել ենք աբսուրդի մի թատրոնի: Ես հրաժարվեցի որևէ ցուցմունք տալ, քանի որ առաջադրվել է նման աբսուրդ մեղադրանք: Դա վկայում է այն մասին, որ ՀՀ-ում առկա է քրեաօլիգարխիկ ոստիկանական ռեժիմ, որը իրականացնում է հետապնդում իմ նկատմամբ՝ իմ քաղաքական հայացքների, հասարակական, լրագրողական, իրավապաշտպանական գործունեության նկատմամբ»,-ասաց նա:
Որպես խափանման միջոց Արգիշտիի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ Արգիշտի Կիվիրյանին առաջադրված ՔՕ-ի 316 հոդվածի և 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանքների պարագայում, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ իրենք ունեն ապացույցներ այն մասին, որ ոստիկանն է Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառել, ոչ թե՝ հակառակը:
«Մենք ընդհանրապես նախաքննական մարմնին չենք վստահում, այդ պատճառով մենք դրանք հիմա չենք ներկայացնի: Բայց եթե այսպես շարունակվի, դատարանում կներկայացնենք: Չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքացի, որը քիչ թե շատ ծանոթ լինելով դեպքին, կարող է հանկարծ մտածել, որ Արգիշտին է բռնութուն կիրառել ոստիկանների նկատմամբ»,-ասաց նա և ընդգծեց, որ սա պարզապես քաղաքական հետապնդում է քաղաքական հայացքների համար:










