Հայ-թուրքական սահմանի բացումը ԼՂ հարցի կարգավորման հետ կապելն անթույլատրելի է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական և կազամկերպչական հարցեր` կապված ՏԻՄ ընտրությունների հետ: Այս մասին նոյեմբերի 7-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Բարձր գնահատելով Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի շանսերը՝ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն անկնկալում է ազատ արդար մրցապայքար:
Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն առնչվող հարցին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Հարցը գործնական ռելսերի վրա է դրվել այն պահից, երբ պետության առաջնորդը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է միանալու մաքսային միությանը: Ավելին՝ Մինսկի հանդիպումից հետո նախապատրաստվում է ճանապարհային քարտեզ, որը մինչև դեկտեմբեր, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե չի բացառվում հայ-թուրքական սահմանի բացումը, եթե հայերը դուրս գան Ղարաբաղից, Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ի և Հայաստանի իշխանությունների կարծիքն այդ հարցում անփոփոխ է. Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին` անթույլատրելի է այս խնդիրը կապել Ղարաբաղյան կարգավորման հետ: Ինչ վերաբերում է Ղարաբաղից դուրս գալուն, ապա հայերը ապրել են, ապրում են և պետք է ապրեն ԼՂՀ-ում մի պարզ պատճառով, որ Ղարաբաղը մեր ժողովրդի սուրբ հայրենիքի մի մասն է»:










