Ոտքի կանգնիր, ա՛զգ, Շանթի գործողությունը ձոն էր. Ազատության հրապարակում մեկնարկեց ազատամարտիկների հանրահավաքը (լուսանկարներ)
Արցախյան մի խումբ ազատամարտիկների՝ այսօր տեղի ունեցած հերթական հանրահավաքին նրանք չանտեսվեց Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխության» թեման՝ այդ ենթատեքստում համախմբման կոչ անելով հայությանը:
«Արաբո» ջոկատից ելույթ ունեցավ Հակոբ Հակոբյանը: «Ինչպես տեսանք Շանթի գործողություններից հետո համակարգչային հայրենասերները նորից գլուխ են բարձրացրել: Ես ասեմ ի լուր բոլորի՝ Շանթը ինքնատիպ մարդ էր և գնաց ինքնատիպ քայլերի, այսօր նրա գործողություններին պետք է նայել միայն որպես ներքին թշնամու հետ կռիվ: Դա կոչ էր ժողովրդին, որ զարթնեն այդ քնից»,-ասաց նա:
Ազատամարտիկի խոսքով՝ «Պետք չէ հովանավորներ գտնել ռուսաստանների ու ամերիկանների մեջ, պետք է համախմբվել և ցույց տալ, թե ինչպես կարելի է ապրել»:
Խոսքն ուղղելով ոստիկանապետին՝ հորդորեց. «Չփորձես հանկարծ կոտրել էս երիտասարդների ոգին»: Վերջում նա կրկին դարձավ ժողովրդին. «Ոտքի կանգնիր, ա՛զգ, Շանթի գործողությունը ձոն էր»:
Ելույթով հանդես եկավ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը. «Ստրուկը միայն պետք է տնքա, որ նրան մտրակով հարվածում են, բայց ինձ ամենաշատը հուսադրում է այն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարելու: Այդպիսի մարդիկ ունեն գաղափար, ունեն սկզբունք, գիտեն, որ ամեն ինչ կախված է մի մարդուց»:
Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն էլ հայտարարեց, թե պետք է հստակ հասկանալ մի բան, որ երբևէ այսպիսի վիճակ չի եղել Հայաստանում. «Երկրի տերը դառնում է շունը, ժողովուրդը երկրի տերը չէ, երբ որ մենք չենք համախմբվում, շնությունը գլուխ է բարձրացնում»:
Մանուչարյանի խոսքով՝ ժողովուրդը պարբերաբար պետք է հավաքվի Ազատության հրապարակում, և իրենք ամիսը մեկ հավաքվում են և ցույց տալիս, թե ով է Հայաստանի տերը, որպեսզի ոչ ոք ճանապարհից չշեղվի:
«Համացանցում հեղափոխության համատարած կոչեր են, մենք չենք կարող թույլ տալ, որ երիտասարդությունն իրեն մենակ զգա: Նրանք պետք է տեսնեն, որ մենք մոբիլիզացնում ենք ուժերը»,-ասաց նա:
Ազատամարտիկ, հանրահավաքը վարող Սուրեն Սարգսյանն էլ կրկին իր դարձավ իշխանություններին. «Էս ոհմակն այլևս Հայաստանում չպետք է գործի: Կուսակցությունների հետ քննարկվել են մեր երկրի կարգավիճակը, կարծիքը մեկն է՝ իրավիճակը բոլորը գնահատել են խիստ բացասական»:
Երիտասարդների անունից՝ Հարություն Մկրտչյանը կոչ արեց բոլոր երիտասարդներին միանալ:










