Քննարկվել են Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի բացման եզրափակիչ հարցերը

16:22 • 07.11.13

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Սադովնիչիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր, այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության կայքը:


Քննարկելով ապագա մասնաճյուղի կրթական և գիտական գործունեության հեռանկարները՝ կողմերն ընդգծել են, որ այն ոչ միայն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների գիտակրթական կապերի ընդլայնման և զարգացման, այլև հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկու հասարակությունների մերձեցման համար:


Արմեն Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու խնդիրները, այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև միասնական կրթական տարածքի ձևավորմանը:


Ակադեմիկոս Վ. Սադովնիչին վերահաստատել է Հայաստանի հետ կրթական և գիտական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվայի պետական համալսարանը պատրաստ է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթության կազմակերպումը Հայաստանում: