Վ. Օսկանյանը մի քանի դեսպանորդների հետ քննարկել է ՀՀ դիրքորոշումը ՄՄ անդամակցության հարցում

16:12 • 07.11.13

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանորդների հետ՝ նրանց խնդրանքով, այս մասին տեղեկացնում են պատգամավորի գրասենյակից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը և Եվրոպական Միության հետ հետագա հնարավոր համագործակցությունը:


Եվրոպացի դիվանագետները հետաքրքրվել են տարածաշրջանային զարգացումներով և սիրիական ճգնաժամին առնչվող հարցերով: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին: