ՄԱԿ-ում ծածկել են մերկ Ադամին՝ իրանական պատվիրակությանը շոկի մեջ չգցելու համար

11:15 • 07.11.13

ՄԱԿ-ի ժնևյան շտաբ-բնակարանում ծածկել են մերկ Ադամին պատկերող խորաքանդակը, որպեսզի միջնորդ «վեցյակի» ու Թեհրանի միջև միջուկային ծրագրի վերաբերյալ հերթական քննարկման ժամանակ իրանական պատվիրակության անդամները շոկի մեջ չընկնեն։

 

Ինչպես նշում է Euromag-ը, բրիտանացի քանդակագործ Էրիկ Գիլի աշխատանքը՝ «Մարդու արարումը», ծածկվել է մեծ, սպիտակ սավանով։ Բրիտանական իշխանություններն այս խորաքանդակը նվիրել են ՄԱԿ-ին 1938թ., և այդ ժամանակվանից ի վեր կիսամերկ տղամարդու խորաքանդակը զարդարում է Ազգերի պալատի նիստերի դահլիճի մուտքի պատը։

 

ՄԱԿ-ի մամուլի ծառայության ղեկավար Կորին Մոմալ Վանիանը հայտնել է, որ մերկ Ադամը ծածկվել է շվեյցարական իշխանությունների խնդրանքով։

 

Euromag-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի կեսերին միջնորդ «վեցյակի» ու Իրանի միջև կայացած նախորդ բանակցային փուլի ժամանակ Ադամին նույնպես «հագցրել են», ինչի կապակցությամբ Ժնևի որոշ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Ազգերի պալատի շենքի մոտ։