Իտալացի երգիչ Ալ Բանոն դիմել է Ադրբեջանին՝ հանել իրեն «սև ցուցակից». ադրբեջանցի պաշտոնյա

10:20 • 08.11.13

Իտալացի երգիչ Ալ Բանոն դիմել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատուն՝ «խնդրելով հանել իր անունն այն անձանց ցուցակից, որոնց արգելված է մուտք գործել հանրապետություն»։ Այս մասին ռուսական РИА Новости գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը։

 

Ադրբեջանական իշխանությունների կազմած «սև ցուցակում» ընդգրկված են անձինք, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել են Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ ցուցակը հրապարակել էր այս տարվա ամռանը։ Ցուցակում կա ավելի քան 320 անուն։

 

Նոյեմբերի 18-ին Բաքվում պետք է կայանա իտալական էստրադայի աստղերի՝ Սան Ռեմո փառատոնի մասնակիցների և հաղթողների մասնակցությամբ համերգ, և Ալ Բանոն, ըստ գործակալության, նույնպես կարող էր մասնակցել այդ համերգին։

«Իտալացի երգիչը նշել է իր դիմումում, որ ընդհանրապես ծանոթ չէ տարածաշրջանում առկա խնդիրներին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայտնել է, որ համակրում է Ադրբեջանին և մեծ հարգանք ունի երկրի նկատմամբ։ Նա ասել է, որ ինքը երաժիշտ է և քաղաքական նպատակներ չի հետապնդում»,- հայտնել է Աբդուլլաևը։