Սնոուդենն ԱՄՆ-ի գաղտնի տվյալների մուտքի գաղտնաբառերը ստացել է իր գործընկերներից
Էդվարդ Սնոուդենը Հավայան կղզիներում ԱՄՆ-ի հետախուզական բազայում ցանցային ադմինիստրատոր աշխատելու ժամանակ համոզել է իր մի քանի գործընկերների իրեն վստահել աշխատանքային գաղտնաբառերը, որոնք նա օգտագործել է գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար, որոնք էլ ավելի ուշ փոխանցել է ԶԼՄ-ներին, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Reuters-ին:
Հավայան կղզիներում Ազգային անվտանգության գործակալության տարածաշրջանային կենտրոնում ցանցային ադմինիստրատորի պաշտոնը Սնոուդենը զբաղեցրել է անցած տարվա գարնանը՝ մեկ ամիս: Սնոուդենը համոզել է 20-25 աշխատակիցների իրեն տրամադրել գաղտնաբառերը՝ բացատրելով, որ այդ տվյալներն անհրաժեշտ են իրեն աշխատանքի համար:
Սնոուդենին վստահած աշխատակիցներն արդեն բացահայտվել են, հարցաքննվել և հեռացվել պարտականությունների կատարումից, նշել են գործակալության աղբյուրները: Թե ինչ կարգապահական տույժեր են իրականացվելու նրանց նկատմամբ, չի հաղորդվում:










