Ես որոշել եմ օգտվել նախագահի բացառիկ լիազորություններից. Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն մեծ թվով մարդիկ են դիմում Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով, քանի որ երկրի արդարադատության նախարարությունը նրանց մերժում է, հաղորդում է Грузия Online-ը: Պաշտոնից հեռացող նախագահը հայտարարել է, որ մտադիր է օգտվել իր բացառիկ լիազորություններից:
«Հիմնականում դա մեր նախկին համաքաղաքացիներն են, որոնք երկքաղաքացիություն ստանալու հետևանքով ստիպված կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը: Նրանց թվում են նաև մարդիկ, որոնք երկար ժամանակ Վրաստանում բիզնես են վարում: Բացարձակ անընդունելի է, որպեսզի պետությունը մերժի քաղաքացիությունը մարդկանց, որոնք ծնվել են Վրաստանի քաղաքացի և ամբողջ կյանքում եղել են մեր քաղաքացիները: Բացարձակ անթույլատրելի է, երբ պետությունը նման որոշում է կայացնում: Ես որոշել եմ օգտվել նախագահի բացառիկ լիազորություններից և այդ մարդկանց Վրաստանի քաղաքացիություն շնորհել հեշտացված ընթացակարգով»,-ասել է նա:










