Գերմանացիների շրջանում ԱՄՆ-ի վարկանիշը նվազել է, սակայն նրանք դեմ են Սնոուդենին ապաստան տալուն

16:25 • 08.11.13

Գերմանիայի բնակչության շրջանում ԱՄՆ-ին կամ նախագահ Բարաք Օբամային վստահության մակարդակն էապես նվազել է՝ ամերիկյան հատուկ ծառայությունների գործողություններով պայմանավորված, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Այդ մասին վկայում են Infratest Dimap սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումները։

 

Սակայն Գերմանիայի բնակիչները, որոնք աջակցում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տալուն, առաջվա պես փոքրամասնություն են։

 

Ամերիկյան հատուկ ծառայությունների շուրջ տեղի ունեցած սկանդալը նոր թափ էր ստացել երկու շաբաթ առաջ, երբ հայտնի էր դարձել, որ գաղտնալսվել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը։

 

Այժմ գերմանացիների միայն 35%-ն է ԱՄՆ-ն Գերմանիայի հուսալի գործընկեր համարում։ 2009թ.-ի սկզբին, երբ Օբաման եկավ իշխանության, այդ ցուցանիշը 78% էր։

 

Ամերիկացի առաջնորդի վարկանիշը ևս կտրուկ նվազել է։ Նրա աշխատանքը դրական է գնահատել հարցված գերմանացիների միայն 43%-ը, իսկ 2010թ.-ին այդ թիվը 88% էր։