Հրապարակվել է «Ռազմականացման համաշխարհային ինդեքս-2013» զեկույցը. Հայաստանը 4-րդն է

14:40 • 08.11.13

Բոննի փոխարկման միջազգային կենտրոնը (BICC) հրապարակել է «Ռազմականացման համաշխարհային ինդեքս-2013» (Global Militarization Index 2013) զեկույցը, որում այս տարի ներառվել է 149 երկիր։

 

Երկրները գնահատվել են 0-1000 բալային համակարգով, որտեղ 1000-ը ռազմականացված լինելու առավելագույն ցուցանիշն է։ Փաստաթղթի հեղինակները վարկանիշային աղյուսակը կազմելիս առաջնորդվել են հետևյալ չափորոշիչներով՝ ռազմական ոլորտում կատարած ծախսերը՝ ՀՆԱ-ի հետ տոկոսային հարաբերակցությամբ, երկրում ծանր սպառազինությունների թիվը և այլն։

 

Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Իսրայելը (794 միավոր), որին հետևում են Սինգապուրը (751 միավոր) ու Ռուսաստանը (728 միավոր)։

 

Մեր երկիրը 724 միավոր ցուցանիշով հայտնվել է 4-րդ հորիզոնականում, իսկ առաջին 5-յակը եզրափակում է Սիրիան (714 միավոր)։ 6-րդ տեղում է հայտնվել Հորդանանը, 7-րդում՝ Հյուսիսային Կորեան, 8-րդում՝ Ադրբեջանը (673 միավոր), 9-րդում՝ Կիպրոսը, 10-րդում՝ Քուվեյթը։ Աշխարհի ամենապակաս ռազմականացված երկիր է ճանաչվել Իսլանդիան։

 

Զեկույցից պարզ է դառնում, որ  Մերձավոր Արևելքը 2012թ. ամենասպառազինված տարածաշրջանն է աշխարհում։ Նրան հետևում է Ասիան, որը ևս նման միտումներ է ցուցադրում։

 

Փաստաթղթի հեղինակները նշում են, որ Ադրբեջանը, որը ներառված է եղել նաև նախորդ տարիների զեկույցներում, մշտապես բարձր հորիզոնականներ է զբաղեցրել։ Մասնագետները զարմանալի չեն համարում այն հանգամանքը, որ Հայաստանը ևս ներառվել է առաջին տասնյակում, ինչը պայմանավորված է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակով, որն ուղեկցվում է դիվանագիտական ռազմատենչ հռետորաբանությամբ ու հակամարտության վերսկսման հավանականությամբ։

 

Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա Թուրքիան հայտնվել է 23-րդ հորիզոնականում, Իրանը՝ 28-րդում, իսկ Վրաստանը՝ 54-րդում։

 

Զեկույցը կազմվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի և Բոննի փոխարկման միջազգային կենտրոնի ունեցած տվյալների հիման վրա։