«Իրանի իրական դեմքը». Իսրայելի վարչապետը թվիթերյան արշավ է սկսել ընդդեմ իսլամական պետության

12:32 • 08.11.13

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն նոր արշավ է նախաձեռնել Twitter սոցկայքում, որի նպատակն է բացահայտել «Իրանի իրական դեմքը», հայտնում է Al Arabiya-ն։

 

Միկրոբլոգը ստեղծվել է Իրանի և միջնորդ «վեցյակի» միջև Թեհրանի վիճահարույց միջուկային թեմայի շուրջ հերթական բանակցային փուլի նախաշեմին։

 

Միկրոբլոգում տեղադրվում են լուսանկարներ, որոնցում իրանցիներն այրում են ԱՄՆ-ի դրոշը։ Բացի այդ, ներկայացվում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի ելույթներից հատվածներ, որոնցում նա ԱՄՆ-ն անվանում է «աշխարհի ամենաատելի պետություն»։

 

Այս նախաձեռնությունը բավական իրարամերժ արձագանքներ է ստացել Twitter-ի հետևորդների շրջանում. ոմանք գտնում են, որ այն ատելության քարոզ է անում ու փորձում է ԱՄՆ-ին Իրանի դեմ տրամադրել։


Իսկ Նեթանյահուի աջակիցների կարծիքով՝ Իսրայելը պետք է ամեն ինչ անի Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կանխելու և սեփական երկիրը պաշտպանելու համար։

 

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային հարցերով բանակցորդ Աբբաս Արաքչին հայտնել է, որ Իրանի ու «վեցյակի»
միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ պատժամիջոցների մեղմման պայմանով մասամբ դադարեցնել Իրանի միջուկային գործունեությունը։

 

Սրան ի պատասխան վարչապետ Նեթանյահուն ասել է, որ «եթե Ժնևում կողմերի միջև միջուկային համաձայնություն ձեռք բերվի, ապա դա կլինի պատմական սխալ»։