Ջոն Քերին այսօր անակնկալ հանդիպում կունենա Իրանի արտգործնախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր անակնկալ այցով լինելու է Ժնևում, որտեղ հանդիպելու է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
NBC-ի տեղեկություններով՝ Քերիի այցը Ժնև, որտեղ Իրանը բանակցություններ է վարում միջնորդ «վեցյակի» հետ, նշան է այն բանի, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության գալ միջուկային խնդրի շուրջ, ինչը պատմական քայլ կլինի վերջին 35 տարիների պատմության ընթացքում։
Ժնևում շարունակվում են Իրանի միջուկային հարցով միջնորդ «վեցյակի» և Իրանի բանակցությունները։
Սպիտակ տունը երեկ հնարավորություն էր թողել Իրանի հանդեպ պատժամիջոցները թուլացնելու։ Սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատժամիջոցների մեղմացումն Իրանի հանդեպ Ժնևում համաձայնության ձեռքբերումից հետո «շատ չափավոր» կլինեն։
«Վեցյակի» հետ բանակցություններում Թեհրանը միջուկային խնդրի լուծման համար նոր նախագիծ էր ներկայացրել։
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ միջնորդները հավանություն են տվել Իրանի ներկայացրած ծրագրին։










