Մադրիդի փողոցներն աղբով են լցված՝ հավաքարարների գործադուլի պատճառով
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հավաքարարների գործադուլը, որոնք բողոքում են աշխատանքից հեռացումների և աշխատավարձերի կրճատման դեմ, արդեն ազդել է քաղաքի զբոսաշրջային տեսքի վրա, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Arab News-ին:
Հանրային վայրերում աղբամանները լցված են շշերով և ծխախոտի մնացորդներով, աղբով է լցված նաև քաղաքի հայտնի Պուերտա դել Սոլ հրապարակն ու այլ հայտնի զբոսաշրջային վայրեր:
Գործադուլին չեն մասնակցում այն աշխատակիցները, որոնք պատասխանատու են տնային աղբի համար, և հավանաբար, միայն դրա շնորհիվ քաղաքում խառնաշփոթը չի հասել այն մակարդակի, որը գրանցվել էր վերջին երկու տարիներին Իսպանիայի այլ քաղաքներում իրականացված համանման գործադուլների ժամանակ:
Ընկերություններն արդեն օգոստոսին աշխատանքից հեռացրել են 350 աշխատակցի: Նրանք հայտարարել են, որ կրճատումներն անհրաժեշտ են եղել, քանի որ քաղաքապետարանը հասարակական ծառայությունների ծախսերի կրճատման պատճառով ստիպված է եղել ավելի քիչ միջոցներ տրամադրել փողոցների մաքրման համար:










