Օբաման ասել է, որ կտրուկ չի մեղմի Իրանի դեմ պատժամիջոցները, չի բացառել նաև ուժային տարբերակը

08:22 • 08.11.13

Իրանը չպետք է պատժամիջոցների զանգվածային մեղմման հույս ունենա։ Այս մասին ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Ըստ Օբամայի` Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնության ձեռքբերման դեպքում պատժամիջոցների մեղմումը կլինի չափավոր, իսկ հիմնական սահմանափակումներն իրենց ուժը չեն կորցնի:

 

ԱՄՆ-ի նախագահը դա դիտել է որպես երաշխիք, որպեսզի բանակցությունների հաջորդ կես տարում Իրանը հանկարծակի հետ չկանգնի պարտավորությունների կատարումից: Նա դա անվանել է «հետ դառնալու հնարավորություն, եթե Իրանը մտադիր չլինի առաջ գնալ»:

 

Օբաման ասել է, որ չի բացառում նաև ուժային տարբերակը, եթե դա թույլ կտա կանխել Իրանում միջուկային զենքի ի հայտ գալը:

 

Հայտարարությունն արվել է երեկ Ժնևում՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ միջնորդ «վեցյակի» հետ բանակցությունների վերսկսման ֆոնին:

 

Այս բանակցությունների արդյունքների հիման վրա ԱՄՆ-ի սենատը կարող է քննարկել պատժամիջոցների հարցն Իրանի դեմ:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հույս էր հայտնել, որ այսօր` ուրբաթ օրը, բանակցությունների հետևանքով համաձայնություն ձեռք կբերվի: