Սարգսյան-Ալիև հանդիպման առանձնահատկությունը երկու տարվա ընդմիջումն է. Սերգեյ Մինասյան
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր կայացած ասուլիսին կարծիք հայտնեց, թե Սարգսյան-Ալիև հանդիպման առանձնահատկությունն այն է, որ այն տեղի է ունենալու երկու տարվա ընդմիջումից հետո։
«Այս հանդիպումը նախատեսվում էր ավելի վաղ, բայց ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին, այն հետաձգվեց։ Հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա մինչև վիլնյուսյան գագաթաժողով»,-ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ ոչ երկրների նախագահները, ոչ էլ համանախագահները մեծ սպասելիքներ չունեն այդ հանդիպումից:
«Հանդիպման ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն՝ բանակցությունները շարունակելու ուղղությամբ։ Որևէ փաստաթղթի ստորագրում, ամենայն հավանականությամբ, չի լինի։ Հայկական կողմի համար գործող ձևաչափը և ստատուս քվոն պահելը ձեռնտու է»,-ասաց նա՝ նշելով, որ Մինսկի խմբի ֆորմատն ամենաօպտիմալ տարբերակն է։
Դառնալով հանդիպմանը՝ բանախոսն ավելացրեց, որ այն հնարավորություն կտա շարունակել բանակցային գործընթացի դինամիկան. «Բանակցություններ բանակցությունների համար, այս պահին սա միակ իրատեսական մոտեցումն է ԼՂ հակամարտության շուրջ»:
Նա նաև կարծիք հայտնեց, թե Ադրբեջանի նախագահը կհասկանա, որ ռազմական սպառնալիքները ոչ միայն անիրատեսական են, այլև չափազանց վտանգավոր կլինեն իրենց համար և չեն կարող որպես լծակ ծառայել:
«Ռամիլ Սաֆարովի դեպքը այնպիսի մեծ լծակ տվեց Հայաստանին, որ ԼՂ-ն չի կարող լինել մի երկրի կազմում, ինչպիսին Ադրբեջանն է: Ավելի լավ և ավելի գործուն փաստարկ Հայաստանը չէր կարող ունենալ: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ կան դիվանագիտական էթիկայի ֆորմալ ստանդարտներ, որոնք համանախագահները պետք է պահպանեն, բայց դրա հետ մեկտեղ կա նրանց գործունեության անուղղակի, չհրապարակվող ֆորմատը»,-ասաց Սերգեյ Մինասյանը:










