ՀՀ ԱԳ նախարարը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին
Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Փարիզում մեկնարկած 29-րդ նախարարական համաժողովին, որին ներկա էին կազմակերպության 77 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարական համաժողովի օրակարգում են եղել 2012թ. հոկտեմբերին կայացած Կինշասայի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ տարի Դակարում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Խոսելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածության մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասալ է. «Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանը դարձել է ՖՄԿ լիիրավ անդամ։ Մենք ուրախ ենք մաս կազմել ֆրանկոֆոն համայնքին, որը համագործակցության կարևոր միջազգային հարթակ է հանդիսանում՝ բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների և երկրների միջև համերաշխության ամրապնդման համար, նաև՝ հնարավորություն ընձեռում առավել միասնական գործել միջազգային բեմահարթակում։
Մեր ներգրավվածությունը ընթանում է խորհրդարանական, համալսարանական, ապակենտրոնացված, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ կարևոր ուղղություններով։ Հենց այս համատեքստում Երևանը հյուրընկալեց ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովը, մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի ամենամյա հանդիպումը, արդեն մի քանի տարի շարունակ Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում ամենից շատ միջոցառումները կազմակերպվում են հենց Հայաստանում»:
Անդրադառնալով տարբեր աշխարհամասերում կայունության ապահովմանն ուղղված ՖՄԿ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է այն փաստը, որ անցյալ տարի Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին կազմակերպության անդամ երկրները իրենց լիակատար աջակցությունը հայտնեցին ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ հորդորելով շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա` կոչ անելով հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը։










