Օբաման վստահեցրել է, որ չգիտի բոլոր հետախուզական տվյալների աղբյուրները

08:56 • 08.11.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չգիտի իրեն զեկուցված բոլոր հետախուզական տվյալների աղբյուրները, գրում է Взгляд-ը՝ ընդգծելով, որ նախագահը խուսափել է նաև պատասխանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գաղտնալսելու վերաբերյալ հարցին։

 

«Երբ ինձ հետախուզական տվյալներ են ներկայացնում, հատկապես, եթե դրանք վերաբերում են Գերմանիայի պես դաշնակից պետություններին, ես չեմ սկսում փորփրել՝ պարզելու համար, թե որտեղից են այդ տեղեկությունները վերցված»,-NBC հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Օբաման՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն իմացե՞լ է Մերկելին գաղտնալսելու մասին՝  նախքան Էդվարդ Սնոուդենի սկանդալային բացահայտումները։

 

Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ ամերիկյան հետախուզության տեխնիկական հնարավորությունները ներկայում այնքան են աճել, որ գերազանցում են եղած սահմանափակումները։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, բազմաթիվ սկանդալային բացահայտումներ է արել, որոնց արդյունքում հայտնի է դարձել, որ Ամերիկան գաղտնալսել է մոտ 35 պետությունների ղեկավարների ու մի քանի մլն քաղաքացիների։