Վարդան Պետրոսյանի փաստաբանը սպասում է դատախազի պատասխանին, դերասանը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատախազություն նամակ է ուղակել՝ պահանջելով ներկայացնել, թե օրենքի որ հիմքով է կայացվել Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը:
Tert.am-ին այս մասին տեղեկացրեց փաստաբանը և ընդգծեց, որ նամակը ինքը ուղարկել է նոյեմբերի 6-ին՝ այն նույն օրը, երբ իրավապահ մարմինները գնացել էին Վարդան Պետրոսյանի տուն նրան ձերբակալելու համար:
«Քրեական դատավարության օրենսգրքի 130 հոդվածում 1-ին մասում հստակ նշված է, թե որ դեպքում կարելի է մարդուն ձերբակալել: Կա երկու պայման՝ առաջինը երբ հայտնի չէ անձի գտնվելու վայրը, երկրորդ պայմանը՝ երբ անձը այլ տեղանքում է: Եթե առկա է այս պահանջներից մեկը, թող ասեն դա որն է, և մենք հանրությանը ներկայացնենք ու հասկանանք, թե օրենքի որ տառով են առաջնորդվել»,- ասաց նա։
«Իրավաբանական կրթություն ունենալ պարտադիր չէ հասկանալու համար, որ երկու պահանջներն էլ առկա չեն: Հետևաբար, ձերբակալումը ապօրինի է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանն իր ավտոմեքենայով Կոտայքի մարզում բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով երկու երիտասարդ էին զոհվել։
Փաստաբանն ընդգծեց, որ դատախազից ինքը պատասխան պետք է ստանա ոչ ուշ քան եռօրյա ժամկետում: Այս պարագայում վերջնաժամկետը լրանում է վաղը: Սակայն փաստաբանը նշեց, որ այս հարցը չի պահանջում բարդ ուսումնասիրություն, հետևաբար ինքը պետք է պատասխան ստանար դեռ երեկ:
Հարցին, թե ինչ վիճակում է ներկայումս գտնվում Վարդան Պետրոսյանը և արդյոք իրեն պատմել է դեպքի մանրամասները, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Վարդան պետրոսյանը գտնվում է բավականին ծանր վիճակում, ի վիճակի չէ երկարատև քննչական գործողությունների մասնակցել: Անկեղծ եմ ասում, ֆիզիկապես ի վիճակի չէ նա: Եթե մարդը գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ, սիստեմաներ է ստանում, ինչքանով է բարոյական գնալ ու ասել՝ պատմի դեպքը: Մարդկային տեսանկյունից անթույլատրելի է»,-ասաց փաստաբանը:










