Շանթ Հարությունյանի երթի միջադեպի գործով 8 մարդու մեղադրանք է առաջադրվել. Շանթը նրանց մեջ չէ
Երևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի ժամանակ ոստիկանության հետ բախման հետևանքով բերման ենթարկված 38 քաղաքացիներից 8-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Ըստ հաղորդագրության՝ այդ անձինք են Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Անուշավան Գրիգորյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը։
Նշենք, որ Ոստիկանության հաղորդագրությունում Շանթ Հարությունյանի անունը նշված չէ այն մարդկանց ցուցակում, որոնք մեղադրանք է առաջադրվել։
Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել էին՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ 18-ը ներգրավվել որպես վկա:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:










