Իսպանիայում բացվել է աշխարհում ամենամեծ Angry Birds զբոսայգին (լուսանկարներ)

16:12 • 08.11.13

Կանարյան կղզիներում բացվել է աշխարհում ամենամեծ Angry Birds Activity Park զբոսայգին, հայտնում է Корреспондент-ը։


Այգու կառուցումը տևել է 3 ամիս և արժեցել 4 մլն եվրո։ Համալիրը կարող է տեղավորել 1200 այցելու, նրանց ուշադրությանը կներկայացվեն 25 տարբեր ատրակցիոններ, որոնք տեղակայված են 5.000 քմ տարածքում։

 

Կազմակերպիչները նշում են, որ Angry Birds Activity Park-ը ոչ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար է, այլև տեղի բնակչության։ Նոր զբոսայգու հանդեպ բնակիչների հետաքրքրությունը խթանելու համար մուտքի տոմսը նրանց համար կարժենա 12.50 եվրո, մյուսների համար՝ 15 եվրո։

 

Զբոսայգու բացման հանդիսավոր արարողությանը, տեղի իշխանություններից բացի, մասնակցել են մանկապարտեզներից և դպրոցների կրտսեր դասարաններից 500 երեխաներ։ Հենց նրանք են առաջինը վայելել այգու խաղերը, ընդ որում՝ բոլորովին անվճար։