Տիգրան Սարգսյանին են ներկայացվել ՀՀ-ում «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի բարեգործական ծրագրերը

13:58 • 08.11.13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին: Կարևորելով կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն դրական արդյունքներ է տվել, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:


«Ձեր միջոցով մարդիկ ստանում են առարկայական օժանդակություն և սեփական աշխատանքով բարելավում իրենց կյանքը»,- ասել է վարչապետը:


«Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1999 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել է 62 ծրագիր՝ աջակցելով մոտ 10 հազար գյուղաբնակ ընտանիքների բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները: Նշվել է, որ ներկայում Հայաստանի ավելի քան 100 համայնքներում գործում են 13 ծրագրեր:


Կազմակերպությունը ՀՀ-ում կարիքավոր ընտանիքներին տրամադրում է ընտանի կենդանիներ, տնկիներ, մշակաբույսերի սերմեր, փոքր դրամաշնորհներ, գյուղական կոոպերատիվներին` գյուղտեխնիկա և այլ սարքավորումներ:


Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ և պատրաստակամություն են հայտնել դարձնել դրանք շարունակական:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարեգործական ծրագրերի շարունակականության համար և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում: