ՄԱԿ-ի ԱԽ-ում Սաուդյան Արաբիային փոխարինող են գտել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղը, որից հրաժարվել էր Սաուդյան Արաբիան, կզբաղեցնի Հորդանանը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով, որն էլ վկայակոչում է ՄԱԿ-ում դիվանագետի, ով ցանկացել է անանուն մնալ։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ ՄԱԿ-ում Հորդանանի ներկայացուցիչն արդեն մեկնել է Նյու Յորք՝ թագավորության նոր դերի շուրջ բանակցություններ վարելու։
Հորդանանի թեկնածությունը դեռ պետք է հաստատի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, սակայն մյուս թեկնածուների բացակայության պայմաններում ընտրության արդյունքը կանխորոշված է, գրում է գործակալությունը։
Ակնկալվում է, որ Սաուդյան Արաբիան իր հերթին կընդգրկվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան ԱԽ-ի ոչ մշտական անդամ էր ընտրվել հոկտեմբերի 17-ին, սակայն երկիրը հրաժարվել էր իր տեղից՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից «հակամարտությունների լուծման հարցում անկարողության պատճառով»։
ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 տեղերից 5-ը մշտական են, մնացյալը որոշվում են 2 տարին մեկ։










