ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը մինչև տարեվերջ կհեռանա պաշտոնից. նա հոգնել է. ԶԼՄ-ներ
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը պատրաստվում է լքել պաշտոնը։ Այդ մասին gazeta.ru-ին հաղորդել են ռուսական իշխանական կառույցներին մոտ կանգնած աղբյուրները։
Հնարավոր է՝ Մաքֆոլը կհեռանա առաջիկա Ծննդյան տոներին։ Թե ինչ պաշտոն նա կստանա ԱՄՆ վերադառնալուց հետո, դեռ հայտնի չէ։
Ամերիկյան պաշտոնատար անձինք չեն հաստատել դեկտեմբերին Մաքֆոլի դիվանագիտական առաքելության ավարտի մասին տեղեկությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ Մաքֆոլը հոգնել է պայքարել այն իրավիճակներում, որոնք վաղուց արդեն ինքը չի վերահսկում։ Օրինակ՝ նա դժվարությունների է հանդիպում ռուսական հեռուստաընկերություններով իր տեսակետը հայտնելու հարցում։
Անցյալ տարի սահմանված արգելքը՝ ամերիկացիների կողմից ռուս երեխաների որդեգրելու հետ կապված, վերածվել է սարսափի ինչպես ամերիկացիների, այնպես էլ շատ ռուսների համար, և երկու կողմերի դիվանագետների ջանքերը որևէ մեղմման չեն հանգեցրել։
Համաձայն այլ վարկածի՝ Մաքֆոլի վաղեմի ծանոթը՝ Սյուզան Ռայսը, ով Օբամայի պաշտոնավարման առաջին շրջանում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր, իսկ այժմ նախագահի խորհրդականը, Մաքֆոլին հրավիրել է վերադառնալ Վաշինգտոն՝ աշխատելու։
Եվ վերջապես, համաձայն մեկ այլ վարկածի՝ Մաքֆոլը պարզապես ցանկանում է տուն վերադառնալ, լինել ընտանիքի հետ և զբաղվել հանգիստ, գիտական աշխատանքով։ Մինչև դիվանագիտական ծառայության անցնելը 50-ամյա Մաքֆոլը պրոֆեսոր է եղել Սթենֆորդի համալսարանում և մասնագիտացած է եղել ռուսական քաղաքականության մեջ։










