Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

17:37 • 09.11.13

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը նոյեմբերի 8-ին Embassy Series հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:


Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշել է, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար:


Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն, ստեղծագործություններ, որոնք որքան հայկական, նույնքան համաշխարհային հնչեղություն ու նշանակություն ունեն:


Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը հայ երիտասարդ ճանաչված դաշնակահար Րաֆֆի Բեսալյանի կատարմամբ ամերիկյան հանդիսատեսին ներկայացվել են հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից: Ծրագրում տեղ էին գտել նաեւ այլ հայ կամպոզիտորների առանձին գործեր:


Միջոցառման հյուրերը բարձր են գնահատեցին ՀՀ դեսպանության կողմից ընձեռնված այս եզակի հնարավորությունը` ունկնդրելու հայ կոմպոզիտորների, մասնավորապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչպես նաև ճանաչելու հայ տաղանդավոր երիտասարդ կատարողի արվեստը։