Եգիպտոսի, Բաբելոնի հետ համեմատվող «Էրեբունի» արգելոցը 45 տարեկան է, բայց նրա հանդեպ հետաքրքրության շունչը մարել է

13:57 • 09.11.13

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը՝ մայրաքաղաքում միակը և ամենատարեցը, դեկտեմբերին կդառնա 45 տարեկան, սակայն թանգարան-արգելոցի նկատմամբ մարել է այն շունչը կար, որ 60-ականներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արգելոցի հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնի վարիչ Հասմիկ Ազիզյանը:

 

«Եվ թերթելով 60-ականների մամուլը, ականատեսների վկայությունները, մենք հասկացանք, որ մարել է այն շունչը, որը 60-ականներին եղել է, և ինչ-որ տեղ մոռացության է մատնված Էրեբունին, որպես ապրող ժառանգության նշանակություն: … Հասկանալի պատճառներով 80-ականներին, 90-ականներին մշակութային վայրերի նկատմամբ ուշադրություն դարձնելը մղվել էր երկրորդական, եթե չասեմ՝ ամբողջովին հետին պլան: Այդ տարիներին մշակութային ժառանգության բնագավառը բացարձակապես չէր ֆինանսավորվում պետական միջոցներից և այս ամենն իր դրոշմն էր թողել Էրեբունու վրա, որն աստիճանական անկում էր ապրում»,- ասաց նա։ 


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 45 տարի առաջ, Հայկական մինիստրների սովետի որոշումով՝ «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» մասնաճյուղերով: Այդ տարիներին, ըստ Գագիկ Գյուրջյանի, էրեբունի քաղաք-ամրոցի վերականգնումը և արգելոց թանգարանի ստեղծումը խորհրդային տարածքում եզակի երևույթ էր և փաստ է, ինչը թույլ էր տալիս միջազգային հարթակներում խորհրդային տարածքը համեմատել Եգիպտոսի, Բաբելոնի, Աթենքի հնագույն քաղաքակրթությունների հետ:

 


Ըստ ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանի խորհրդային գաղափարախոսության տեսակետից սա բացառիկ կարևոր է եղել:

 


Պատահական չէ, որ կարճ ժամանակ անց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մայրաքաղաքում դարձել է զբոսաշրջության անկյունաքարերից մեկը, առանց այնտեղ այցելելու չէր կարող վերադառնալ Հայաստան ժամանած և ոչ մի պատվիրակություն. Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարներից սկսած, վերջացրած տիեզերագնացներով ու հայազգի մարշալներով:

 


Գագիկ Գյուրջյանը նշեց, թե քանի որ Հայաստանի ուրարտական շրջանի հուշարձանների մեծագույն մասը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, այս երկիրը ուրարտագիտության առումով ինչ-որ ծրագրեր է մշակում: Ուստի նա խիստ կարևորում է Հայաստանում ուրարտագիտական կենտրոն ստեղծելու գաղափարը:

 


«Էրեբունի» արգելոցին, ըստ Հասմիկ Ազիզյանի պատմածների՝ որոշ առումով նոր շունչ են տվել 2008-ից Էրեբունիում մեկնարկած հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական պեղումները, որոնք հնավայրի ուսումնասիրման նոր փուլ են սկզբնավորել:

 


2008 -2012թթ. և 2012 -2015թթ. համար նախատեսվող ծրագրերն ընդգրկում են 50-70-ականների պեղումներից համեմատաբար զերծ հատվածները, ինչը նոր արդյունքներ է արձանագրում ինչպես ժամանակագրական, այնպես էլ սյունազարդ դահլիճի ճարտարապետության և կրած փոփոխությունների ճշգրտումների առումով:
Նախատեսված է վերականգնել Էրեբունի-ամրոցը: