«Հանրապետականի» կրծքանշանով բոլորն իմը չեն. Արմեն Աշոտյանը պարգևատրեց բուհերի ՈՒԽ-ներին
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր երիտասարդության օրվա կապակցությամբ պարգևատրեց ՀՀ մի շարք պետական բուհերի ուսանողական խորհուրդներին: Վերջիններիս ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարարն ասաց, թե ինքը որևէ բուհի որևէ ուսանողի միջև տարանջատում չի դնում, և բոլորը հավասար են. ««Հանրապետականի» կրծքանշանով բոլորը իմը չեն, իմն ու քոնը չենք տարբերակում, իսկ պահանջատեր լինելուց բացի պետք է լինել նաև հայրենատեր»:
Նա ողջունեց ուսանողների ակտիվությունը, եթե այն տարածվում է դասերից դուրս:
«Այսօր դուք ավելի շատ հնարավորություն ունեք, քան երբևէ ունեցել եք` ներգրավվելու բուհերի կառավարման, ազդելու կրթության որակի բարձրացման վրա: Կարևոր է, որ ապագան ոչ միայն ձերը լինի, այլև լինի ձեր ձեռքերում: Ես ակնկալում, ավելին` պահանջում եմ, որ ավելի պահանջատեր լինեք ուսումնական պրոցեսի ցանկացած հարցերում»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինիս խոսքով՝ ուսանողական ներգրավվման առաջին փուլը կայացել է`օրենքներն ու կանոնները կան, և գուցե դա այդքան էլ գրավիչ չէ, լայն լուսաբանվող չէ, բայց կարևոր է:
Անդրադառնալով պարգևներին՝ ասաց. «Սա դուք եք ստանում, բայց նաև ձեր նախորդների աշխատանքի արդյունք է: Եվ մեր նպատակն է լավ իմաստով խթանել մրցակցությունը բուհերում»:
Ուսանողներին հնարավորություն տրվեց նաև բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ինչից հետո նախարարը հարց ուղղեց նրանց. «Գո՞հ եք ամեն ինչից»: Պատասխան չստանալուց հետո շարունակեց. «Ես եմ դժգոհ, նախորդ կիսամյակին 1800 ուսանող դուրս մնալու եզրին էր: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, այդ վատ սովորող ուսանողներին օգնեք հարթել իրենց ճանապարհը»:










