HTB-ի Ֆրունզիկ Մկրտչյանի մասին պատմող թոք-շոուից հետո Հայաստանում մեկ այլ շոու սկսվեց. Հայկ Օրդյան
Օրեր առաջ ռուսաստանյան HTB հեռուստաալիքը հայ մեծանուն դերասան Ֆրունզե Մկրտչյանի մասին հաղորդում էր հեռարձակել, որը բուռն արձագանքի արժանացավ ինչպես հայ հեռուստադիտողի, այնպես էլ արտիստի հարազատների կողմից։ Tert.am-ը զրուցել էր Նիկոլայ Ծատուրյանի և Ֆրունզիկ Մկրտչյանի քրոջ որդու՝ Էդգար Բադալյանի հետ, ով նաև Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրենն է։ Հաղորդման մասնակից, Մհեր Մկրտչյանի մասին պատմող «Կյանքը ժապավենի վրա» ֆիլմի հեղինակ Հայկ Օրդյանը պատասխանել է Tert.am-ի հրապարակմանը։ Ստորև ներկայացնում ենք այն։
Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ռուսաստանյան HTB հեռուստաալիքի «Խոսում և ցուցադրում ենք» թոք-շոուից հետո Հայաստանում սկսվեց մեկ այլ շոու: Չգիտես` ինչու ես էլ քննադատությունների տարափում հայտնվեցի: Այդ հաղորդմանը հրավիրվել եմ որպես Մհեր Մկրտչյանի մասին «Կյանքը ժապավենի վրա» ֆիլմի հեղինակ, բայց պատմել եմ այն, ինչ կադրից դուրս է եղել. հիշողության մի դրվագ Դոնարա Մկրտչյանի հետ երկարատև զրույցներիցս:
Պատմածս ականատեսի վկայություն էր, և ոչ գնահատական կամ կարծիք, ընդ որում` ստեղծագործող կերպարի մասին. դերասանուհու, ով հոգեբուժարանում էլ բեմից չհրաժարվեց։ Սա արտիստին արժանի հուշ է, այլ մեկնաբանություններն այլ շոուից են, այլ նպատակով: Գուցե ոմանց դուր չի եկել, որ ես եմ հրավիրված եղել, և ոչ իրենք. խանդի հողի վրա խանդավառվողները պետք է դիմեն HTB հեռուստաալիք, և ոչ թե քննարկեն հուշ ունենալու «հանդգնությունս», մանավանդ իրենք էլ, կարծեմ, դերասանուհու կենսագիրը չեն ու հուշերից այն կողմ չէին անցնելու:
Մհեր Մկրտչյանի ազգականներից մեկը ռուսական հաղորդումից դժգոհելով` անհասկանալիորեն իմ ֆիլմն էր քննադատել, այն դեպքում, երբ այն, ինչ պատմել եմ հաղորդման ընթացքում, չի առնչվել ֆիլմիս: Սա ուշադրության պակասից է, «վրդովվողը» պետք է նկատած լիներ, որ ֆիլմում խոսում եմ ոչ թե ես, այլ հանրահայտ մարդիկ, և արտիստի կյանքը բացվում է մտերիմների հուշերով, որևէ անհարգալից ակնարկ անգամ նկատելը միայն շոու կզարդարեր:
«Վրդովվողը» մոռացել է նաև իր շնորհակալությունը, որ հայտնել է ինձ ֆիլմը նկարահանելու համար, ի դեպ, երևի «վրդովմունքի» մթագնումից, ֆիլմը արդեն որպես հաղորդում է հիշատակում: Ալբերտ Մկրտչյանի բնութագիրը ֆիլմիս վերաբերյալ չեմ մեջբերում, բայց խորհուրդ կտայի կարդալ «վրդովմունքը» հանդարտեցնելու համար:
Հ. Գ. «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» ֆիլմը նկարահանումից 6 տարի անց որոշեցի տեղադրել համացանցում, հույսով, որ դիտողին կհամակի մեծարանքի այն զգացումը, որն ինձ մղել է մեր Ֆրունզի մասին ֆիլմ նկարահանել:
«Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր` Հայկ Օրդյան
Tert.am Հ.Գ. Նշենք, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ և «հաղորդում» բառի կողքին նշվել է Հայկ Օրդյանի անունը՝ որպես հաղորդման հեղինակի։ Սակայն Ֆրունզիկ Մկրտչյանի հարազատների դժգոհությունը վերաբերվում է, ոչ թե Հայկ Օրդյանի ֆիլմին, այլ հաղորդմանը որին նա մասնակցել է։ Tert.am-ը հայցում է ընթերցողների և Հայկ Օրդյանի ներողամտությունը։










