Սունդուկյանի թատրոնի շենքային պայմանները կրիտիկական են, իսկ Պարոնյանի թատրոնը խնդիրներ ունի բեմի հետ կապված

14:50 • 11.11.13

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքը շահագործման է հանձնվել 1962թ.-ին և մինչ օրս չի վերանորոգվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով թատրոնի խնդիրների մասին՝ ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանը: Նա ընդգծեց, որ շենքային վատ պայմանների պատճառով վերջերս դադարեցվել էին անգամ թատրոնի աշխատանքները:

 

«Խաղում էինք միայն այն ներկայացում, որ հնարավոր էր խաղալ առանց բեմի շրջանի: Մի շարք ներկայացումների փորձերը դադարեցվել են: Խնդիրը և՛ ամբողջ շենքն է, և՛ հենց բեմը: Ունենք նաև ջրագծի խնդիր: Դրանք երկուսն էին, բայց այս տարիների ընթացքում դրանք փտել են: Հիմա դրանցից մեկը փակ է: Բայց ո՞նց ենք սպասարկելու հանդիսատեսին առանց ջուր»,-ասաց Տիգրան Գասպարյանը:

 

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հույս հայտնեց, որ առաջիկայում Մշակույթի նախարարությունը հարցով կզբաղվի, որովհետև վիճակը ծայրահեղ է:

 

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը թեև նշեց, որ թատրոնը երեք տարի առաջ է վերանորոգվել, սակայն բեմի հետ կապված խնդիրները շարունակում են արդիական մնալ:

 

«Բեմային մեխանիզմների, լույսերի, ձայնային սարքերի խնդիրներ ունենք: Էլեկտրասնուցման ենթակայանը շատ վատ վիճակում է, և ստեղծագործական աշխատանքներն այս ամենից տուժում են: Լամպերը Խորհրդային միության արտադրության են, որոնք դուրս են եկել շուկայից և այսօր հնարավոր չէ նորը գտնել ու վերանորոգել»,-ասաց նա և ևս հույս հայտնեց, որ խնդրի լուծումը իրեն երկար սպասեցնել չի տա:

 

Մեկ այլ խնդիր թատրոնի ներկայացուցիչները ևս առաձնացրին: Ըստ իրենց՝ անթույլատրելի է այն, որ այսօր արգելվում է ուսուցիչներին աշակերտներին թատրոն բերել:



«Մենք այսօր, այդ հանդիսատեսը չունենալով, չենք կազմավորում վաղվա մեր հանդիսատեսին, այդ երեխաներն են չէ՞, որ պետք է վաղը մեծանան ու գնան թատրոն»,-ասաց Տիգրան Գասպարյանը:

 

Կարո Շահբազյանն էլ նշեց, որ եթե երեխաներին ստիպելով չբերես թատրոն, նրանց ուշքն ու միտքը միայն համակարգիչը կլինի:


«Երբ մենք դպրոցական էինք դեռ Խորհրդային միության ժամանակ, մեզ տանում էին անգամ օպերա: Սկզբում բան չէինք հասկանում, մի քիչ էլ աղմկում էինք: Բայց մի քանի անգամ գնալուց հետո, կապվեցինք»,-ասաց նա: