Թուրք լինելու պատճառով կոտորածներն արդարացնել չեմ կարող. թուրք հոդվածագրի պատասխանն Էրդողանի կուսակցի մեղադրանքներին
Թուրքական Radikal թերթի սյունակագիր Օրալ Չալըշլարին Իսլամացած հայերին նվիրված համաժողովում լսած պատմությունները գրի առնելուց հետո բազմաթիվ նամակներ է ստացել։
Պարբերականում այսօր հրապարակված հոդվածում հեղինակն անդրադարձել է դրանցից մեկին, որի հեղինակն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Վահիդ Էրդեմն է։
Հոդվածագրի անդրադարձը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Էրդեմը գրել է.
«Պարո՛ն Օրալ։ Արտասահմանցի որոշ փաստաբաններ ձեզնից ավելի խղճով են այդ հարցում։ Մի քիչ էլ Էրզրումում հայերի արածների մասին թող գրի ձեր գրիչը։ Երանի դա տեղի չունենար, սակայն այդ ողբերգությունը պատասխան կոտորածների պատճառով է եղել։ Դուք կարծես «ցեղասպանության» թեզն ընդունողներից եք, այդ թուրքատյացության գովազդն էլ մի օր վերջ է ունենալու»։
Ի պատասխան այս նամակի՝ Օրալ Չալըշլարը գրում է.
«1915թ.-ի տեղահանության ընթացքում սպանված Օսմանյան խորհրդարանի անդամ Գրիգոր Զոհրապի մասին պատմող գրքում նշվում է 1915թ.-ի ապրիլի 24-ին իրենց տներից հավաքված 250 հայ մտավորականների մասին։ Պատգամավոր, փաստաբան, ճարտարապետ, երաժիշտ, բանաստեղծ, լրագրող, արվեստագետ. քաղաքի առաջավոր անունները որպես քաղբանտարկյալներ Անկարայի Այաս և Չանքըրը բանտերն են ուղարկվում։ Ապա խումբ-խումբ մահվան երթի են դուրս գալիս։
Ռուբեն Սևակ
Նրանցից մեկը հայ հայտնի բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակն էր։ Սևակը Լոզանում բժշկություն է սովորել, ամուսնացել է գերմանացի հարուստ ընտանիքի աղջկա հետ։ 1914թ.-ին բժիշկ աշխատելու նպատակով եկել է Ստամբուլ։ Որևէ կուսակցության չի անդամակցել։
«Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցության առաջատար հասակակիցների շրջանում ընկերներ է ունեցել, կինը եղել է Գերմանիայի քաղաքացի, և չնայած այս հանգամանքներին՝ նա ուղարկվել է Չանքըրը։ Նույնիսկ նրան ազատ արձակելու հրամանն օգուտ չտվեց, և 3 ընկերների հետ չարչարանքներ կրելով՝ թալանվեց և սպանվեց։
Նրա՝ Գերմանիայի քաղաքացի կինը հանձնում է գերմանական քաղաքացիությունը և հայ դառնում։ Դուստրը՝ Շամիրամը, ու որդին՝ Լևոնը, Թուրքիայում մի որոշ ժամանակ մնում են տատիկ-պապիկների հետ, ապա մեկնում Ֆրանսիա՝ մոր մոտ։
Շամիրամը 2005թ.-ին պատմել է, որ հայրը Չանքըրում բուժել է մի աղջկա։ Աղջիկը սիրահարվել է Ռուբենին։ Նրա հայրը խորհուրդ է տվել իսլամ ընդունել, ամուսնանալ դստեր հետ և փրկվել։ Չնայած ընկերները փորձել են համոզել նրան, սակայն Ռուբենը մերժել է. «Ես իմ հայ լինելը չեմ կարող ուրանալ, և կնոջս հանդեպ զգացածս հարգանքը չեմ կարող կորցնել»,-ասել է նա։
1915թ.-ի տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր հայեր մահվան ուղարկվեցին։
«Էրդեմին ուղարկած իմ պատասխանում գրել եմ. «Թուրք լինելու պատճառով սպանությունները ստիպված չեմ պաշտպանել»,-գրում է հոդվածագիրը։
Հուսեյին Նեսիմի
Ի վերջո, մի ողջ ժողովուրդ հազարավոր տարիներ բնակված հողերից աքսորվեց, պետության քաղաքականության գիտակցված ճանապարհով փորձվեց ջնջվել, ոչնչացվել։
Այդ ժամանակ այդ կոտորածին ոչ ասող գյուղապետեր էլ կային՝ Հուսեյին Ներսիմի նման։ Նրանք էլ են մեր նախահայրերը։
«2015թ.-ին մեկ տարի է մնացել։ Որպես խղճի հարց՝ կարող ենք Ապրիլի 24-ին հարգել մեր հայրենակիցների հիշատակը, և ողջ աշխարհին հայտարարել, որ տեղի ունեցած կոտորածներին մենք չենք սատարում»,-խորհուրդ է տվել հեղինակը։










