Կառավարությունը խոչընդոտում է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը. գիտնական
Կառավարությունը խոչընդոտում է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը: Այսօր էներգախնայողության միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը: Նա նշեց, որ արևային էներգիան մոտ 100 անգամ էժան է լինելու ատոմային էներգիայից, բայց դրա համար ոլորտում ներդրումներ են հարկավոր:
«Օրինակ՝ Շվեյցարիայից կառավարության մակարդակով որոշվել էր 300 մլն դոլարի ներդրում անել Հայաստանում արևային մարտկոցների արտադրություն սկսելու համար: Սակայն մեր կառավարությունը դեմ եղավ այդ ներդրմանը, իսկ նման ներդրում առանց կառավարության համաձայնության չէին կարող իրականացնել»,- ասաց գիտնականը:
Նա ընդգծեց, որ թեև վերջերս վարչապետը իր ծանոթներից մեկի հետ մասնավոր զրույցում նշել է, որ իրեն ներկայումս հետաքրքրում է արևային էներգետիկան, սակայն, ըստ նրա, այնուամենայնիվ, գործադիրի բոլոր որոշումները կայացվում են հաշվի առնելով որոշ մարդկանց գրպանները:
Վահան Համազասպյանը նաև զարմանքով նշեց, որ Գերմանիայի նման արևազուրկ երկիրը իր էներգետիկ անվտանգության հիմքում դրել է արևի էներգիայի լիարժեք օգտագործման խնդիրը, իսկ Հայաստանը, ունենալով արևային էներգիայի անսպառ պաշարն, հրաժարվում է օգտվել այդ մեծ հնարավորություններից:
«Եթե մենք փորձենք գնահատել մեր էներգետիկ հնարավորությունները, ապա կարող ենք տեսնել, որ մեր էներգետիկան շարունակում է հենվել ներկրվող գազի և միջուկային վառելիքի վրա: Մինչդեռ մենք անտեսել ենք արևը: Ցանկանում ենք կառավարման մակարդակո՞վ պահպանել մեր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Պահպանեցինք, միացանք Մաքսային միությանը, հիմա ինչի՞ն ենք սպասում, ո՞վ է մեզ խանգարում լիարժեքորեն օգտվել արևային էներգիայից»,- ասաց նա:
Լուսանկարը՝ report.am-ի










